Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է հաջորդ տարի Թուրքիա այցելելու մտադրության մասին։ Այս հայտարարությունն արվել է Հռոմում Ֆեների հունական պատրիարքարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է TRT-ն։
Այցի հիմնական նպատակը լինելու է մասնակցել Նիկեայի Առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնակատարությանը:
Հռոմի պապն ընդգծել է այս իրադարձության կարևորությունը. «Սա ճանապարհորդություն է, որը ես ամբողջ սրտով ցանկանում եմ կատարել»:
Եթե այցը տեղի ունենա, ապա դա կլինի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երկրորդ այցը Թուրքիա՝ 2014 թվականի այցից հետո։
Նիկեայի Առաջին ժողովը գումարվել է 325 թվականին Հռոմի Կոստանդին կայսրի կողմից Նիկեայում (այժմ՝ Իզնիկ քաղաքը Թուրքիայի Բուրսա նահանգի հյուսիս-արևմուտքում) և դարձել է առաջին Տիեզերական ժողովը քրիստոնեության պատմության մեջ։ Այն ձևակերպել է Հավատամքը՝ քրիստոնեական դոգմաների համառոտ ամփոփում, և սահմանել է Զատիկի տոնակատարության ժամանակը: Ժողովին մասնակցել է 318 եպիսկոպոս, այդ թվում Հայաստանից՝ Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։ Ըստ ավանդության` Արիստակեսը բերում է Նիկեական ժողովի որոշումները Հայաստան և ներկայացնում դրանք Գրիգոր Լուսավորչին, որը դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։