Որքա՞ն գումար է Ադրբեջանը այս տարի վճարել՝ Հայաստանի տարածքով թռիչքների համար


Որքա՞ն գումար է Ադրբեջանը այս տարի վճարել՝ Հայաստանի տարածքով թռիչքների համար
Հունիս 26 22:03 2024

2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաէրոնավիգացիոն ընկերությանը Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվող թռիչքների համար վճարել են 49 հազար 459 եվրո։ Դրա մասին ասված է News.am-ի գրավոր հարցմանը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տված պատասխանում։

Վճարումը կատարվել է «Eurocontrol»  կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ ըստ սահմանված կարգի։

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն օդանավիգացիոն ծառայություններ է մատուցում Հայաստանի օդային տարածքում թռիչքների համար։

«Eurocontrol»-ն օդային նավիգացիայի անվտանգության հարցեր կարգավորող եվրոպական կազմակերպությունն է:

2023 թվականի առաջին վեց ամիսների համար վճարման գումարը կազմել է 40 հազար եվրոյից փոքր-ինչ պակաս, իսկ ամբողջ 2023 թվականի համար՝ գրեթե 80 հազար եվրո։