Բողոքի ակցիա՝ «Հրազդան ցեմենտ» գործարանում. 450-ից ավելի աշխատակից 4 ամիս է աշխատավարձ չի ստացել


Բողոքի ակցիա՝ «Հրազդան ցեմենտ» գործարանում. 450-ից ավելի աշխատակից 4 ամիս է աշխատավարձ չի ստացել
Հունիս 24 16:09 2024

Այսօր՝ հունիսի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արդեն 3 ամսից ավելի է՝ Հրազդան քաղաքում հայտնի դեռ Խորհրդային տարիներից գործող «Հրազդան ցեմենտ»-ի 450-ից ավելի աշխատակիցներ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ՝ թե ի վերջո երբ են իրենց մարտ, ապրիլ, մայիս և հունիսի ամսի աշխատավարձները ստանալու:

Աղբյուրի հետ զրույցում աշխատակիցները ասում էին.

«3, հունիսն էլ հետը հաշված՝ 4 ամիս է՝ չենք կարողանում մեր արդար քրտինքով վաստակած, կարելի է ասել, գրոշները ստանալ: 4 ամիս շարունակ այդ փոշու մեջ մեր առողջության հաշվին աշխատել ենք:
Մենք շատ բան չենք ուզում, մեր աշխատանքի դիմաց ժամանակին վճարեն մեր աշխատավարձերը, որոնք սկսվում են 80 հազար դրամից՝ մինչև 100-120 հազար դրամ»:

Այս պահին գործարանի դահլիճում 70-ից ավելի աշխատակցիներ հանդիպում են սեփականատիրոջ՝ Կոլյա Խաչատուրովի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև գործարանի գլխավոր հաշվապահ Ռոբերտ Քոքոբելյանն ու կադրերի բաժնի պետ Հրայր Քոքոբելյանը: