Փոքր պետությունների համար լավ է ԵՄ անդամ լինելը, քիչ տալով, շատ ստանում են․ Արման Եղոյան
Փոքր պետությունների համար լավ է Եվրամիության անդամ լինելը, դա պարզ բան է, որովհետև փոքր պետությունները, համեմատաբար քիչ տալով, համեմատաբար շատ են ստանում, ԱԺ-ում խորհրդարանական լսումներին հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Այսպիսի հարց չկա դրված՝ լա՞վ է լինել Եվրամիության անդամ, թե լավ չէ։ Այդ հարցի պատասխանը պարզ է՝ փոքր պետությունների համար լավ է լինել ԵՄ անդամ։ Դա պարզ բան է։ Այստեղ մեծ գիտություն չկա, որովհետև փոքր պետությունները, համեմատաբար քիչ տալով, համեմատաբար շատ ստանում են այդ կառույցից։ Մեծ պետություններն են, որ իրենց հաճախ նման հարցեր են տալիս։ Հիմա էլ տեսնում ենք՝ կան խոշոր, մեծ տնտեսությամբ եվրոպական պետություններում նման քաղաքական հոսանքներ, որոնք այդպիսի հարցեր են տալիս՝ արժե՞ տալ այդքան և ստանալ այնքան, որքան ստանում ենք»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ փորք պետություններում նման հարց չկա։
«Չեք տեսնի փոքր պետություն, նկատի ունեմ տնտեսության ծավալով, դեմոգրաֆիայով, որ նման հարց տա, որովհետև փաստը ցույց է տվել, որ նման երկրները թռիչքաձև աճ են ցույց տվել ԵՄ-ին անդամակցելուց հետո։ Մենք այլ հարց պետք է քննարկենք՝ կոնկրետ Հայաստանի ուղին, ճանապարհները, ինչպե՞ս և ՞ինչ գործիքակազմով ենք դա անում, ի՞նչ ժամկետներում ենք դա անում, ո՞ր քայլը որից հետո ենք անում»,- ասաց նա։
Եղոյանն ընդգծեց, որ այս լսումների նպատակն է հնարավորինս ճշգրտորեն փորձագիտական մակարդակով ուրվագծել մեր անելիքները։










