Իշխող վարչախումբը սկսել է դիմել կոշտ բռնաճնշումների' զանգվածային ձեռբակալություններ, արևանգումներ, անհնազանդություն հայտնող անձանց հանդեպ անօրինական գործողություններ և այլն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Հասկանալի է, որ,
1. արդեն չունենալով հանրային աջակցություն, իշխանությունը կարող է հենվել միայն ոստիկանության վրա,
2. չունենալով երկրի ներսում աջակցություն, ստիպված է հենվել մի որևէ արտաքին գերխաղացողի վրա, երկրի շահերը հանելով աճուրդի։
Ընդդիմության ձեռնարկած փողոցային մի քանի ընդվզումների տապալումը (այլ հարց, թե որքանով էին դրանք գրագետ կառավարվում) և խորհրդարանական ընդդիմության ստորացումները հանգեցրել են նրան, որ Հայաստանում պայքարը կորցնում է իր քաղաքական ընթացքը։
Նմանատիպ վիճակներում եղած երկրների փորձը ցույց է տալիս, որ, լավ, կամ վատ, քաղաքական պայքարի վարկաբեկումը հանրության գիտակցության մեջ, ծնում է տեռորիզմ։
Տեռորի (փոխադարձ) ծնվում է հետևյալ դեպքերում.
- երբ քաղաքական պայքարը դառնում է անհնարին ու անիմաստ,
- երբ հանրության մոտ առաջանում է այն զգացողությունը, որ գործող իշխանությունը ծառայում է արտաքին շահերին, այսինքն իրենից ներկայացնում է օկուպացիոն ռեժիմ։
Երկրները կայուն են այն ժամանակ, երբ կա քաղաքական համակարգ' կառավարող և ընդդիմադիր, որոնք արտահայտում են հանրության տրամադրությունները։ Երբ ընդդիմությունը դառնում է ոչինչ, ուրեմը սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակն, անկառավարելի դրսևորումներով»։