Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեին


Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեին
Հունիս 14 09:51 2024

Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին։

«Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի ազգային պատկանելությունը, Լեռնային Ղարաբաղի կառավարությունում նրա՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի բացահայտ քննադատությունը, ինչպես նաև նրան կալանքի տակ պահելը Պետական ​​անվտանգության ծառայության ներքո (որը տխրահռչակ համբավ ունի էթնիկ հայերի խոշտանգումների հարցում), Վարդանյանը գտնվում է հետագա խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերահաս վտանգի տակ:

«Մենք ցնցված էինք՝ իմանալով, թե ինչ սարսափների միջով է անցել հայրս։ Սարսափելի է անգամ մտածել, թե ինչ են անում Ադրբեջանում ոչ այդքան հայտնի բանտարկյալների նկատմամբ, որոնք նման միջազգային աջակցություն չեն ունեցել, ինչպես հայրս։ Հանուն Ադրբեջանում պահվող բոլոր քաղբանտարկյալների՝ լինեն հայեր, ադրբեջանցիներ կամ որևէ այլ ազգության ներկայացուցիչներ, նմանօրինակ անմարդկային վերաբերմունքը բանտարկլայների նկատմամբ պետք է դադարեցվի։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել և օգնել պաշտպանելու հորս կյանքը»,-նշել է Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:

«Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, ազգային կառավարություններ և միջազգային կառույցներ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Լեռնային Ղարաբաղի մյուս քաղբանտարկյալներին։ Օրինակ՝ 2024 թվականի հունիսի 11-ին, ամերիկացի Սենատոր Էդ Մարքին՝ Սենատի բարձր ամբիոնից, կոչ էր արել ազատ արձակել բանտարկյալներին, առանձնահատուկ կերպով նշելով և դատապարտելով Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը»,- ասված է դիմումի մեջ։