Հակոբ Արշակյանը Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկը»


Հակոբ Արշակյանը Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկը»
Մայիս 14 23:53 2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Սլովակիայի Ազգային խորհրդի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ Դուշան Գալիսը:

 
 

Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սլովակիան Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, եւ Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական Միության հետ հարաբերությունների շրջանակում:

 

ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի` 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը, ինչպես նաեւ նշանավորել Մարիան Քերիի անձնական ներդրումը՝ Սլովակիայի խորհրդարանում 2020 եւ 2021 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման գործում: