Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում


Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում
Ապրիլ 18 14:05 2024

Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս, բայց պետք է առաջ գնանք լավատեսություն կառուցելու համար. այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեկ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, այս ամենն արվում է, որպեսզի թուղթ ստեղծեն, որն էլ կդառնա փոխադարձ պայմանավորվածություն։

Նա նշում է, որ վերջին 30 տարում տարածաշրջանում ապրել են «բեսպրիդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։

 «Մեր մտածածն էնա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարո՞ղ է՝ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը»,-ասաց նա։

Վարչապետը սակայն նշեց, որ իհարկե ամբողջությամբ երաշխավորել չի կարող. «Դուք հիմա ինձ կարող եք ասել՝ «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»։

Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու։

«Իրավունք կա, օրենք կա, գիծ կա, գնում ենք, կանգնում ենք էդ գծի վրա։ Մենք էս գծի վրա կանգնելով՝ 100 անգամ ավելի ուժեղ ենք լինելու, քան էսօր ենք ուժեղ։ Մենք չենք խոսում տալ-առնելու մասին, խոսում ենք Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, 100 անգամ ուժեղացնելու մասին»,- ասել է Փաշինյանը։