«ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ իրավապահ մարմինների կատարած գործողությունները հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար»,- նշված է Հայ Ազգային կոնգրեսի հայտարարության մեջ։
«Նիկոլ Փաշինյանի ռեժիմի այս վերջին գործողությունը, մարդու երեսին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թքելու ամոթալի պատմությունը, քաղաքական հակառակորդներին բռնաճնշումներով և ապօրինի քրեական հետապնդումներով լռեցնելու վերջերս հաստատված պրակտիկան, նույն մեթոդներով ՏԻՄ մարմիններում ընդդիմության կողմից ձևավորված իշխանության յուրացումը ցույց են տալիս Հայաստանի ներկա իշխանությունների բացահայտ արհամարհանքը մարդու իրավունքների և արժանապատվության, խոսքի ազատության և ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ։ Իշխանություններն, ըստ էության, ցուցադրում են, որ ընտրել են ժողովրդավարության կազմաքանդման և ավտորիտարիզմի վերահաստատման ուղին և պատրաստ են ամեն օր հատել նորանոր կարմիր գծեր։
Գնահատելով կատարվածը որպես վտանգավոր սահմանի հատում, Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում ժողովրդավարական արժեքներին հավատարիմ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին և քաղաքական ուժերին վճռականորեն ընդվզել և դիմակայել երկրում բռնատիրական կարգերը վերականգնելու Փաշինյանի ռեժիմի բացահայտ փորձերին։
Սամվել Վարդանյանի գործի վերաբերյալ մենք նաևպահանջում ենք Գլխավոր դատախազից՝ կատարել օրենքի և ժողովրդավարության պաշտպանության հետ կապված սահմանադրական պարտավորությունները, բացահայտել ու պատժել մարդու իրավունքները եւ արժանապատվությունը ոտնահարող այս արտադատարանական հաշվեհարդարի պատվիրատուներին և կատարողներին»,- ասված է հայտարարությունում։