Քերոբյանի նկատմամբ սահմանափակումներն անհամաչափ են, չի թույլատրվում նույնիսկ վարսահարդարի և ատամնաբույժի ծառայություններից օգտվել. Փաստաբան


Քերոբյանի նկատմամբ սահմանափակումներն անհամաչափ են, չի թույլատրվում նույնիսկ վարսահարդարի և ատամնաբույժի ծառայություններից օգտվել. Փաստաբան
Ապրիլ 17 13:30 2024

Ըստ էության, միայն պարոն Քերոբյանն է շարունակում մնալ անազատության մեջ, մյուս մեղադրյալներն արդեն վերադարձել են իրենց աշխատանքին, այդ թվում նաև Էկոնոմիկայի աշխատակիցները՝ մեղադրյալի կարգավիճակում. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու որոշմանը։

Ըստ փաստաբանի՝ վարույթ իրականացնող մարմինը գործը ոչ պատշաճ ջանադրությամբ է կատարում, իսկ Քերոբյանի նկատմամբ կիրառված սահմանափակումներն օրենքով և կոնվենցիայով ոչ համաչափ են։

«Քերոբյանի նկատմամբ կիրառված սահմանափակումներն օրենքով բոլոր հնարավորինն են, այսինքն՝ սահմանափակված են բոլոր հնարավոր անձանց հետ շփումները, բացի մերձավոր ազգականներից և պաշտպանից»,-ասաց նա։

Եգորյանը նշեց, որ Քերոբյանն այսօր ունի աշխատանքի առաջարկներ, բայց չի կարողանում նույնիսկ հեռավար կատարել։ «Ունի 5 երեխա, մայրն է իր խնամքին, բայց սա ևս անտեսվում է, այսինքն՝ անհամաչափ են սահմանափակումները»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ նախկին նախարարը տանը ոտքի վնասվածք էր ստացել և խնդրել էին՝ ԲԿ դիմել, սակայն մերժվել էին։ «Վարսահարդարի և ատամնաբույժի ծառայությունից օգտվել ևս չի թույլատրվել։ Միայն շտապբուժօգնության ծառայություն կարող է դիմել։ Սրանք օրենքի և կոնվենցիայի խախատումներ են»,-ասաց նա։  

Եգորյանի խոսքով՝ նախաքննական մարմինը գործը ձգձգում է, թեև կարող էին երկու ամսում ավարտել։

«Պարոն Քերոբյանը  համբերատար 2 ամիս սպասեց տնային կալանքի պայմաններում՝ առանց ավելորդ աղմուկի, առանց ավելորդ նյարդային դրսևորումների, որպեսզի օբյեկտիվորեն անհրաժեշտ ժամանակահատվածում գործը ավարտեն, բայց ոչ պատշաճ ջանադրությամբ է իրականացվում, փոխարեն ամփոփեն ամբողջ արդյունքների հավաքագրումը, նորից ու նորից նյութերն են ուսումնասիրում, որոնք արդեն իսկ արձանագրված են»,-ասաց նա։

Եգորյանը նշեց, որ կալանքի ժամկետի երկարաձգելու հիմնավորումները երկուսն էին.

«Որ նախաքննական մարմինը էլի մի ահակին գրասենյակային աշխատանք կատարի։ Ի սեր Աստծո, կատարեք ձեր գրասենյակում այդ աշխատանքը, ի՞նչ կապ ունի մարդկանց ազատության մեջ գտնվելը ձեր գրասենյակում աշխատանքը կատարելու հետ և որ մի քանի վկաներ հարցաքննվեն։ Ի՞նչն էր խնդիրը, որ այդ վկաները նախորդ 2,5 ամսում չեն հարցաքննվել։ Նրանց թիվը խիստ սահմանափակ է։ Հիմնական հարցաքննություններն արված են, ինչն է խնդիրը, որ դա չի արվել ժամանակին, և ի՞նչ կլինի, եթե Քերոբյանը ազատության մեջ մնա»,-ասաց նա։