Այս պահին Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը հանդես են գալիս հրատապ մամուլի ասուլիսով: Այսօր, հիշեցնենք, պաշտպանները հայտնել էին, որ գիշերը քննչականից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, երբ ուղեկցողները գնացել են բնական կարիքները հոգալու, դիմակավորված անձինք հարձակվել են ու ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին: Նշենք նաեւ, որ Վարդանյանը խուլիգանության մեջ է մեղադրվում, քանի որ հանրային տրանսպորտում մոտեցել էր ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանել « հակահայ վիժվածք»:
«Տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն մի մարդու նկատմամբ, ով գտնվել է պետության վերահսկողության ներքո: Մեր այսօրվա խնդիրը սա կանխարգելն է, եթե արյան հոտն ընկնի իշխանությունների քիթը, ապա նրանք կանգ չեն առնելու: Մենք որեւէ դուռ չենք թողնելու, որ չծեծենք, սա ամենասկզբունքային հարցն է այսօր»,- ասաց Մելիքյանը հավելելով, որ տեղի ունեցածը խոշտանգման դասական դեպք է:
Պաշտպաններից մյուսը` Վարազդատ Հարությունյանն ասաց, որ այնպիսի բան, որը տեղի է ունեցել, կարող էր միայն Բաքվի բանտում տեղի ունենալ.
«Սամվելին չոքացնում են, գլխին հարվածում են, հետո սկսում են ձեռքերով հարվածել: Դա զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով` արժանապատվությունը նվաստացնող: Հետո ստիպում են, որ այդ հայհոյանքները կրկնի,նա չի կրկնում, թքում են վրան: Հետո իջացրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում: Ծեծը տեւել է 3-4 րոպե, հետո քաշելով հետ են բերել, ուղեկցող ոստիկանները հետ են եկել: Սամվելը հեռացել է, ասել են քեզ ինչ եղավ, նոր լավ էիր, իբր տեղյակ չեն»։