Փաշինյանից բացի, Հայաստանում չի եղել ոչ մի առաջին դեմք, ով պատմական Հայաստանի մասին է խոսել/խոսում, ով հայդատականությունը դրոշ դարձրած ծափահարություններ է կորզել. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անգամ Ռոբերտ Քոչարյանը, որ ցեղասպանությունը դրեց մեր արտաքին քաղաքականության հիմքում, որ խոսում էր հայ և թուրք ժողովուրդների գենետիկ անհամատեղելիության մասին, այդքան հեռուն չի գնացել։
Փաշինյանը միակ առաջին դեմքն է, ով Սևրի պայմանագիր է թափահարել, չհասկանալով, որ դա իր մեջ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ է պարունակում, ով հայտարարել է, թե Ղարաբաղը Հայաստան է և վերջ, չհասկանալով, որ դա կարող է բանակցություններից հրաժարում դիտարկվել։
Փաշինյանը տարիներ առաջ պտտվել է մի միջավայրում, որտեղ շատ լավ հասկացել են հայդատականությունը պետական քաղաքականություն դարձնելու վտանգները, որտեղ կարևորել են եղած պետությունն ավելի, քան պատմական արդարության մասին զրույցներն են, որտեղ հարևանի հետ փոխզիջումներով հաշտության գնալը հաջողության գրավական են համարել։
Այն, ինչ այսօր նա որպես նորույթ ու հայտնագործություն է փորձում ներկայացնել, լսել ու տեսել է վաղուց։ Ավելին՝ ընդունել է այդ մտքերն ու որպես դրանց կրող է ներկայացել։
Մի պահից, բայց, հասկանալով, որ հայդատականությամբ ու ոչմիթիզականությամբ քաղաքական գործչի ճանապարհ հարթելն ավելի հեշտ է, սկսել է ներկայանալ որպես է ոչմիթիզական ու որպես հայդատական։
Հիշենք 2015-2016-ից հետո նրա «խրոխտ» ելույթները։
Այդպես նա եկավ իշխանության ու այդպիսին, ցավոք, մնաց, երբ արդեն իշխանավոր էր։
Իրականում Փաշինյանը ոչ թե հասկացել է, որ սխալ ճանապարհով է ընթացել, եթե հասկանար, ապա այլոց մատնացույց անելու փոխարեն կխոսեր իր և միայն իր մասին, այլ ենթարկվում է հերթական թելադրանքներին։ Սա Ադրբեջանի պարտադրանքով նոր Սահմանադրություն գրելու ու Հռչակագիր փոխելու շարունակությունն է։
Ցավն այն է, որ Փաշինյանը չի գիտակցում, թե իր այս ելույթներով ինչ հարված է հասցնում մեր պետությանը։ Իսկ չի գիտակցում, որովհետև պետական գործչի որակներ չունի։
Պետական գործչի որակների իսպառ բացակայության պատճառով էր նա 2020-ին Սևրի պայմանագիր թափահարում։ Նույն որակների բացակայության պատճառով է նա այսօր պատմական և իրական Հայաստանների մասին այս արհեստական զրույցը մեր օրակարգ խցկել փորձում ու մեր երկիրը ռևանշիստական ներկայացնում»։