Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել


Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել
Ապրիլ 10 22:44 2024

ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի հանդես է եկել ինքնախոստովանական ցուցմունքով: Նա հայտարարել է, որ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել: Ըստ Փաշինյանի վերլուծությունների և եզրահանգումների՝ «Գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց այն իմաստով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունը այլևս պատրաստ է եղել և անփոփոխելի արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում»: Ստացվում է, որ իմանալով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց գոյություն չունի՝ նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», տանում անխուսափելի պատերազմի, որի արդյունքում ունեցանք 5000 զոհ, կորցրինք Արցախը, 120 հազար արցախցի էլ բռնեց գաղթի ճանապարհը: Ի՞նչ  է սա, եթե ոչ ինքնախոստովանական ցուցմունք:

 

Երկրորդը: Փաշինյանը փաստացի ընդունեց, որ  2021 թվականին չի դիմել ՀԱՊԿ-ին ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Ըստ Փաշինյանի` ՀԱՊԿ–ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի ՀՀ–ին դուրս էր բերելու անվտանգային երաշխիքների իր համակարգից։ Այսինքն՝ կար հնարավորություն սահմանին ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայել, կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան և հայկական տարածքների օկուպացիան, սակայն Փաշինյանը չի գնացել այդ քայլին սեփական իշխանությունը պահպանելու ցանկությունից դրդված:

 
 

Ակնհայտ է, որ իրավական երկրում նման բարձր ամբիոնից վարչապետի հնչեցրած ինքնախոստովանական ցուցմունքները կդառնային իրավապահ համակարգի ուշադրության առարկան, սակայն Հայաստանը, ինչպես տեսնում ենք, այս առումով անչափ հեռու  է իրավական երկիր համարվելուց: