Երգիչ, գործարար և «Կրոկուս Գրուպ»-ի սեփականատեր Արազ Ագալարովի որդին՝ Էմինն իր առաջին հարցազրույցն է տվել մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Forbes-ի հետ զրույցում Էմինը պատասխանել է համերգասրահի վթարային ելքերի և փակ դռների, հակահրդեհային ազդանշանների և տարածքային անվտանգության վերաբերյալ լուրերին, ինչպես նաև Ռուսաստանից իր ժամանակավոր հեռանալու մասին հարցերին։
«Աշխատակիցներից մեկն ինձ զանգահարեց ու ասաց, որ կրակոցներ են հնչել։ Ես գտնվում էի Կուտուզովսկու վրա՝ իմ աշխատասենյակում, նստեցի մեքենան, գնացի ողբերգության վայր և հասա առաջին կրակոցներից 40-45 րոպե անց։ Աշխատակիցները չկարողացան մտնել դահլիճ, ամեն ինչ վառված էր: Մենք վազեցինք շենքով, անցանք տարհանման միջանցքներով, որոնցով էլ տուժածները դուրս եկան շենքից։ Բարձրացանք չորրորդ հարկ, գտանք երկաթե դուռ, որի հետևում սերվերներ կային։ Դուրս աշեցինք դրանք ու հանձնեցինք իրավապահներին։ Հայրիկը նույնպես մեզ հետ էր»,-պատմել է Էմինը։
Նա նշե է նաև, որ շենքի վթարային ելքերը փակ լինելու, ինչպես նաև շինությունից դուրս գալու անհնարինության վերաբերյալ լուրերը «կեղծ» են․ «Նախնական տվյալներով՝ մոտավորապես վեց հազար մարդու հաջողվել է լքել շենքը 15 րոպեում։ Սա խոսում է այն մասին, որ վթարային ելքերը աշխատել են, և այդ մարդիկ փրկվել են։ Սա այն մարդկանց գրեթե 98 տոկոսն է, ովքեր եղել են դահլիճում»։
Էմինի խոսքով՝ եթե սովորական հրդեհ լիներ՝ առանց հրկիզվող ինչ-որ դյուրավառ հեղուկների, ապա բոլորը կփրկվեին․ «Նման ֆորսմաժորային իրավիճակում, որտեղ կրակում են, կրակ են տալիս, մարդիկ ասում են՝ ինչո՞ւ չաշխատեց ձեր հրդեհաշիջման համակարգը։ Հրդեհային համակարգերը նախատեսված չեն դյուրավառ խառնուրդներով հրկիզման դեպքում»։
Հիշեցնենք՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Ահաբեկիչները կրակ են բացել, ապա հրկիզել համերգասրահի շենքը։
Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 144-ի, տուժողների թիվը գերազանցել է 550-ը։