ՔՊ-ականները Կոտայքում հանդիպել են ԼՂ-ից տեղահանված անձանց


ՔՊ-ականները Կոտայքում հանդիպել են ԼՂ-ից տեղահանված անձանց
Ապրիլ 2 15:59 2024

Կոտայքի մարզում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ կառավարության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու այս պահին Կոտայքի մարզում բնակվողների հետ՝ քննարկելու բնակապահովման ծրագրի, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերն ու հանդիպող խնդիրները։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանը, Հռիփսիմե Հունանյանը, Դավիթ Առուշանյանը, ներկայացուցիչներ Միգրացիոն ծառայությունից, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ կացարանի և կոմունալ վճարների աջակցության 40 + 10 ծրագիրը շարունակվելու է նաև տարեվերջ:

Նոր որոշմամբ, ծրագրի շահառու են հանդիսանալու նաև 2020 թվականի պատերազմի արդյունքում տեղահանված անձինք:

Ներկայացվել է նաև բնակարանի ապահովման ծրագիրը, որը քննարկման փուլում է։

Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարիների ընթացքում, իսկ այդ ընթացքում այն ընտանիքները, ովքեր դեռևս ձեռք բերած չեն լինի տուն, կշարունակեն պետության կողմից ստանալ որոշակի սոցիալական աջակցություն։

Ծրագրով նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից։

Առաջին հերթին ծրագրի շահառու են դառնալու 3 կամ ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք նույնպես ունեն անչափահասներ, ինչպես նաև հաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ունեցող ընտանիքները։

Այնուհետև ծրագրից կօգտվեն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ապա այլ խմբերի ներկայացուցիչները։

Բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու գլխավոր պայմանը ՀՀ քաղաքացի դառնալն է, իսկ տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին՝ այդ ամբողջ ժամանակահատվածում տվյալ տանը կամ բնակարանում բնակվելու դեպքում։

Ներկայացվել են նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի, առողջապահական, կրթական, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշակի մանրամասներ։

Ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, որոնց մի մասին տեղում տրվել են մանրամասն պարզաբանումներ և պատասխաններ, մյուսները գույքագրվել են կառավարության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների և Կոտայքի մարզպետի աշխատակազմի կողմից՝ առաջիկայում քննարկելու և լուծելու նպատակով: