Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում:
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում: