Տավուշի գյուղերն ադրբեջանցիներին հանձնող Փաշինյանը 2015-ին այդ քայլն անընդունելի էր համարում


Տավուշի գյուղերն ադրբեջանցիներին հանձնող Փաշինյանը 2015-ին այդ քայլն անընդունելի էր համարում
Մարտ 27 02:48 2024

Ինչպես և բազմաթիվ այլ հարցերում, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայացքները Տավուշի մարզի անվտանգության ապահովման վերաբերյալ կտրուկ տարբերվում են վարչապետ Փաշինյանի՝ նույն հարցի վերաբերյալ հնչեցրած կարծիքից:

 

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում Տավուշի հետ կապված մի շարք սկզբունքներ է նշել, ըստ որոնց՝ ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը, Ալմա Աթայի հռչակագրով, որը վերահաստատվել է Պրահայում, դարձել է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք: Մինչդեռ 2015-2016 թվականներին Տավուշի ճակատագրի և անվտանգության վերաբերյալ այլ տարբերակներ էին առաջ քաշվում:

 

 

Ահա հատված՝ Փաշինյանի ընտանեկան թերթում 2015 թվականին հրապարակված հոդվածից:

 

«Այսպիսով, Հայաստանի սահմանամերձ շրջաններից շարունակում են պատերազմականին շատ մոտ լուրեր ստացվել: Ի տարբերություն Ղարաբաղի շփման գծի, Տավուշի մարզում քաղաքացիներն անմիջականորեն զգում են ադրբեջանական զորքերի ակտիվությունը: Խնդիրն այն է, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի մոտակայքում բնակավայրեր չկան, եւ Ղարաբաղում նրանք չեն կարողանում խոցել հայկական բնակավայրեր: Կարծում ենք նաեւ այս է պատճառը, որ ադրբեջանցիները ակտիվություն են ցուցաբերում Տավուշի մարզում: Նրանց անհրաժեշտ է, որ պատերազմի շունչը զգա քաղաքացիական բնակչությունը եւ ոչ միայն բանակը: Միեւնույն ժամանակ, Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչները շատ տրամաբանական հարց են բարձրացնում. ինչքա՞ն կարող է այս ամենը շարունակվել: Հասկանալի է, որ մարդիկ անդադար սթրես են տանում՝ մահվան անընդհատ սպառնալիքի տակ ապրելով: Մեր տեղեկատվությունը վկայում է, որ սահմանամերձ գյուղի բնակիչները այս խնդրի կոնկրետ լուծում են պահանջում: Եւ հարցը, ըստ էության, կարող է լուծվել երեք տարբերակով:

 

Տարբերակ 1 - Հայկական զինված ուժերը ոչնչացնում են Մովսես-Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Չինարի հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերը: Նման իրական հնարավորություն կա, որովհետեւ մեր բազմաթիվ դիրքեր այս հատվածում գերիշխող են ադրբեջանականների նկատմամբ եւ մեր բանակն ունի դիրքային էական առավելություն:

 

Տարբերակ 2 - Կայուն խաղաղություն է ձեռքբերվում բանակցությունների ընթացքում: Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնում է Գերմանիա, որտեղ, ըստ ամենայնի, հանդիպումներ կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

 

Տարբերակ 3 - Կրակոցների, հարձակումների երկարատեւ շարքի հետեւանքով սահմանապահ գյուղերը կամաց-կամաց կդատարկվեն, որովհետեւ մարդիկ իսկապես չեն կարող ապրել դեշեկայի կրակահերթերի տակ: 

 

Պրոցեսները ցույց են տալիս, որ մեծ հաշվով՝ Հայաստանը պետք է ընտրի այս երեք տարբերակներից մեկը: Լավագույնը, իհարկե, երկրորդ տարբերակն է: Բայց Ադրբեջանի գործողությունները կասկածի տակ են դնում դրա ռեալությունը: Երրորդ տարբերակը Հայաստանի համար անընդունելի է ուղղակի: Եւ պրոցեսների այսպիսի շարունակության դեպքում կարծես թե առաջին տարբերակին այլընտրանք չի լինելու»: 

 

Ինչպես տեսնում ենք՝ այսօր տավուշցիներին սեփական տները լքելու կոչ անող ու հակառակվելու դեպքում պատերազմով վախեցնող Փաշինյանը 2015-ին այդ սցենարը Հայաստանի համար անընդունելի էր համարում և գտնում էր, որ չկա այլընտրանք այն սցենարին, երբ հայկական զինված ուժերը ոչնչացնում են Մովսես-Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Չինարի հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերը: Նա 2015 էլ էր առաջ քաշում կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին թեզը, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ հայկական հողերն ադրբեջանցիներին հանձնելու և այդ տարածքները դատարկելու միջոցով:

 

Ավելին ՝ սկզբնաղբյուրում