Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Ոսկեպարից


Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Ոսկեպարից
Մարտ 25 15:22 2024

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքը՝  Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում․

«Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անկլավ» է։

«Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք։

Մենք այսօր գտնվում ենք հենց այս վայրում և ընտրություն ենք կատարել մեր ուխտի պատարագը մատուցել այս չքնաղ տաճարում՝ վկայելու համար, որ սա մեր տունն ու Հայրենիքն է, և մենք այս գծից այն կողմ գնալու, սողալու, փախչելու իրավունք չունենք, որքան էլ կամենան թղթով մեզ դա պարտադրել։

Սա իմ տունն է, սա մեր տունն է․ այստեղ է կառուցված մեր տունը՝ 7-րդ դարից ի վեր, էլ չասեմ՝ դրանից առաջ։

Եվ մենք պիտի փաստենք, որ սա մեր տունն է։ Պիտի փաստենք, որ այստեղ առևանգված ոստիկաններ են եղել, հենց այս վայրում․ 1991 թվականին մեր եղբայրներին այստեղ են առևանգել։

Այս վայրերում այս շրջանի ամբողջ ժողովուրդը արյուն է հեղել։ Զավակ, հայր, եղբար, ընծայել է այստեղ։ Այդ արյունը կանչում է մինչև հիմա, այդ արյունը չի մոռացվում, այդ արյունը նաև նզովք է դառնալու մեզ համար և բոլոր նրանց համար, ովքեր ծնկած, ստորացած, նվաստացած՝ այս «տարածքը»՝ իրենց բնորոշումով՝ «տարածքը», մեր Հայրենիքը, կհամարեն «անկլավ», «դատարկ բնակավայր»։ 

«Դատարկ բնակավայրում» մեր արյունն է հեղված

Այստեղ Հայաստան է։ Այստեղ Հայրենիք է։   Այստեղ «անկլավաստան» չէ։

Հարվածներ կրած, խոցված, մեր երկրի ամբողջ տարածքը՝ Արցախ աշխարհով, բզկտված, և հիմա էլ աչքները հառել են ձեր տներին՝ ուղղակիորեն։

Եվ մե՛նք ենք որոշելու, թե ինչպես վարվենք»։