Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, այդ գյուղերը «ադրբեջանական գյուղեր են», հիմա էլ Երևանից դուխ են տալիս՝ ոսկեպարցիներ, չհանձնվեք․ Գագիկ Մելքոնյան


Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, այդ գյուղերը «ադրբեջանական գյուղեր են», հիմա էլ Երևանից դուխ են տալիս՝ ոսկեպարցիներ, չհանձնվեք․ Գագիկ Մելքոնյան
Մարտ 25 20:34 2024

Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի: Նիկոլ Փաշինյանը պարզ ասում է՝ մենք պետք է մեր սահմանը գծենք Ադրբեջանի հետ, News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Տավուշի տարածքների խնդրին։

«Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի: Դա ադրբեջանական տարածք է: Ասում են՝ Փաշինյանը Տավուշի գյուղերը հանձնում է: Բայց դրանք Տավուշի գյուղերը չեն:

Արցախն էլ է սովետական ժամանակ եղել Ադրբեջանի տարածքում: Ուժեղ ենք եղել, հզոր ենք եղել, վերցրել, անկախ ենք պահել Արցախը: Հիմա էլ պարտվել ենք: Ինչո՞ւ փախաք, եկաք Արցախից, որովհետև ուժ չունեինք պահելու: Այս տարիների ընթացքում մսխել էինք մեր ռեսուրսները: Ադրբեջանցին 26 տարի զինվում էր, մենք կենացներ էինք խմում:

Հիմա էլ Երևանից դուխ են տալիս՝ ոսկեպարցիներ, չհանձնվեք: Բայց որ էնտեղ կռիվ եղավ, Երևանից ոչ ոք չի գնալու էնտեղ: Դրա համար ոսկեպարցին պետք է իմանա, որ կա պետություն, կա բանակ, կան պետական շահեր, պետք է լինի պետական սահման, որ էլ կյանքում չխախտվի ոչ այս կողմից, ոչ այն կողմից»,-ասել է նա: