Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Նախագիծն ընդունվեց ԱԺ հերթական նիստում՝ ստանալով 57 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ ձայներ: Հայաստանի Հանրապետությունում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային և հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն։ Ըստ համաձայնագրի՝ դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։ Հայաստանը ստանձնում է առաքելության անդամների անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում նրանց տարհանման անվճար կազմակերպումը: ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում պետական շենքեր և շարժական գույք տրամադրել, եթե դրանք անհրաժեշտ լինեն դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Եթե այդ նպատակով մասնավոր գույք օգտագործելու անհրաժեշտություն առաջանա, Հայաստանը պարտավորվում է աջակցել դրա սեփականատերերի և ՀԵՄԱ-ի միջև պայմանագրերի կնքմանը։ Համաձայնագիրն անժամկետ բնույթ է կրում և պաշտոնապես ուժի մեջ մտած կհամարվի ԵՄ և ՀՀ համապատասխան մարմիններում դրա վավերացման ընթացակարգի ավարտից հետո:
Ավելին՝ սկզբնաղբյուրում










