ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին տեղափոխող ավտոշարասյան մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, այս մասին գրում է lenta.ru-ն:
Պաշտոնյան գտնվել է Լեհաստանի կառավարության անվտանգության ապահովման բյուրոյի ավտոշարասյան մեքենաներից մեկում: Շարասյունն ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկին բախվել է մեկ այլ մեքենա, ինչից հետո այն դուրս է թռել մայթ ու վրաերթի ենթարկել մեկ հետիոտնի:
Կառավարական մեքենաներից ոչ մեկը չի տուժել, սակայն վթարի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 մարդ՝ երկու ոստիկան, հետիոտնն ու վթարի ենթարկված մյուս մեքենայի վարորդը:
Նշենք, որ Սթոլթենբերգը Լեհաստանում է գտնվում երկօրյա այցով:










