Երեք աշակերտուհու նախաձեռնությամբ գյումրեցի 5 ընտանիք օգնություն ստացավ


Երեք աշակերտուհու նախաձեռնությամբ գյումրեցի 5 ընտանիք օգնություն ստացավ
Մարտ 3 12:38 2024

Երևանի Անանիա Շիրակացու անվան դպրոցի 9-րդ դասարանի երեք աշակերտուհի իրենց մանկության երազանք են իրագործել. նախաձեռնել էին, օգնություն հավաքել և հավաքված գումարը նվիրաբերել դրա կարիքն ունեցող գյումրեցի հինգ ընտանիքի: Այսօր արդեն հավաքված ամբողջ գումարը հասավ հասցեատերերին:

Իրենց նախաձեռնությունն իրականացնելու համար Գայանե Մուրադյանը և իր ընկերուհիները՝ Նանե Պողոսյանն ու Մարգարիտա Գրիգորյանը, տնակների լուսանկարներով և համապատասխան գրությամբ պաստառ էին պատրաստել և այն տեղադրել կայքում, որի միջոցով հնարավոր էր եղել հավաքել անհրաժեշտ գումարը ընտանիքներին օգնելու համար:

Պաստառի վրա, մասնավորապես, գրված էր. 

«Գյումրին, որը Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն է ունի բոլորիս օգնության կարիքը: Այդ նպատակով ցանկանալով ապագայում Գյումրին տեսնել առավել զարգացած, առանց տնակների և անօգնական մարդկանց, որոշում ենք կայացրել մեր և ձեր օգնությամբ հավաքել գումար և այն տրամադրել անապահով մարդկանց:

Մենք ուզում ենք Գյումրին տեսնել առանց տնակների:

Մեր կողմից ցուցաբերենք օգնություն Գյումրիի զարգացման համար:

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապրել բարեկեցիկ կյանքով և յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ անհոգ մանկություն:

Եկեք օգնենք նրանց»: