Ինչո՞ւ «Ozon»-ով պատվիրված ապրանքների մի մասը չի հասնում Երևան. պարզաբանում


Ինչո՞ւ «Ozon»-ով պատվիրված ապրանքների մի մասը չի հասնում Երևան. պարզաբանում
Մարտ 1 13:06 2024

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել էր «Ozon առցանց հարթակի միջոցով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա» վերնագրով հոդվածը։

Հոդվածը արտատպելուց ժամեր անց Tert.am-ը ստացավ «Ozon Հայաստան» ընկերության կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանի պարզաբանումը․

«Նախորդ շաբաթ ապրանքների առանձին խմբերի առաքման ժամանակ մաքսային անցակետում բախվեցինք որոշակի դժվարությունների: Խոսքը մարքեթփլեյսում ներկայացված տեսականու ընդամենը 1%-ին վերաբերում։

Մենք հաճախորդներին անմիջապես տեղեկացրել ենք, որ չենք կարող առաքել այդ սահմանափակ թվով ապրանքատեսակները և հայաստանյան շուկայի համար ժամանակավորապես կասեցրել ենք դրանց հասանելիությունը մարքեթփլեյսում։

Մնացած ապրանքները, որոնց առաքումն ուշացել է վերոնշյալ խնդրի պատճառով, կհասնեն  պատվիրատուներին մոտակա օրերի ընթացքում։

Անխոս, հաճախորդները պետք է ստանան թարմ տեղեկատվություն առաքման ժամկետների և պատվերի կարգավիճակի մասին։ Մեր աջակցման ծառայության մասնագետները օպերատիվ կերպով պատասխանում են հաճախորդների հարցերին և լրացուցիչ տեղեկացնում առաքման նոր ամսաթվերի մասին։

Նշենք նաև, որ Ozon-ի ստացման կետերն աշխատում են որպես ֆրանչիզա։ Այնտեղ աշխատում են ստացման կետերի սեփականատերերի կողմից ընտրված աշխատակիցներ, որոնք պատասխանատու են միայն հաճախորդին ապրանքը փոխանցելու համար»։