ՌԴ-ն պարզաբանում է ակնկալում` ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը «սառեցնելու» մասին ՀՀ վարչապետի խոսքերը»․ ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին


ՌԴ-ն պարզաբանում է ակնկալում` ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը «սառեցնելու» մասին ՀՀ վարչապետի խոսքերը»․ ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
Փետրվար 23 18:58 2024

Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:

Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել 2021 և 2022 թվականների իրադարձությունների ժամանակ (նկատի ունի Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողությունները,– խմբ.), և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

«Սպառիչ պարզաբանումներ ենք ակնկալում երկկողմ խողովակներով այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության մասին պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի «մասնակցության սառեցման» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում»,-հայտարարել են դիվանագիտական գերատեսչությունում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը կտրականապես չի ընդունում ՀՀ իշխանությունների մեղադրանքը 2021-2022թթ.-ի իրադարձությունների ընթացքում ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատի և Երևանի հանդեպ պարտավորությունների իբր չկատարման վերաբերյալ:

Հայտարարության հեղինակների խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով ձևավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելությունը։ Արդյունքների հիման վրա նախապատրաստվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը Հայաստանում դիտորդական առաքելություն ծավալելու մասին:

«Մեր և կազմակերպության մյուս անդամների մեղքը չէ, որ այդ հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև հանրապետությանը ռազմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցառումներ, մտացածին պատրվակներով մերժվեց իշխանությունների կողմից»,-նշել են գերատեսչությունում:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ փոխարենը Երևանը  նախընտրեց ԵՄ-ից կեղծ դիտորդներ հրավիրել։

Այնուամենայնիվ, ՌԴ նախարարությունում հույս ունեն, որ Երևանում կհասկանան, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և վերացվեն հանգիստ, վստահելի երկխոսությամբ, այլ ոչ թե հանրային տիրույթում դրանք բարձրացնելու ճանապարհով։