«Հրապարակ» թերթը գրում է.
Իրանի Իսլամական Հանրապետությունը, շատերի համար անսպասելիորեն, 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում հյուպատոսություն բացեց։ Բացմանը ներկա էին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Դրանից հետո ռուսական կողմը եւս հայտարարեց, թե իրենք էլ են մտադիր Սյունիքում բացել ՌԴ հյուպատոսություն։ Այդ մասին առաջին անգամ խոսվեց 2023 թվականի մայիսի վերջին։ Ավելին, ըստ տարածված տեղեկությունների, ռուսական կողմը նախատեսել էր ոչ թե 2023-ի ընթացքում բացել հյուպատոսությունը, այլ՝ ավելի վաղ։
Մեզ հասած տեղեկություններով, ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձել են հետաձգել՝ ձգձգել ռուսական հյուպատոսության բացումը Սյունիքում՝ տարբեր պատրվակներ օգտագործելով։ Իսկ պատրվակներից ամենատարածվածը եղել է «համապատասխան տարածք չկա» պատճառաբանությունը։
Ռուսական աղբյուրից տեղեկացանք, որ գործընթացը չնայած իրենց նախատեսածից մի քիչ ավելի է ձգձգվել, սակայն որոշել են հարցի լուծմանն ավելի գործնական մոտենալ։ Մասնավորապես, մոտ մեկ ամիս առաջ, ռուսական կողմի ներկայացուցիչների պնդմամբ, աշխատանքի հիմնական մասն ավարտին է մոտեցել, ու ՌԴ հյուպատոսարանը գրեթե պատրաստ է՝ այն կբացվի գարնանը։ Ռուսական աղբյուրն այնքան էլ հակված չէր բացել փակագծերը, թե ինչու, այնուամենայնիվ, հյուպատոսության բացումն այսքան ուշացավ, մեզ հետ զրույցում շարունակ շեշտում էին, որ ամեն ինչ ծրագրով ընթանում է։
Ի դեպ, մեզ Սյունիքից ասացին, որ Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը բավականին ակտիվ է աշխատում Սյունիքում, եւ այդ աշխատանքը տեսնում են նաեւ շարքային քաղաքացիները։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում