«Երևանից գործուղված անձը և Ձեր կուսակցության որոշ նոր անդամներ Ձեզ ոչ հավաստի տեղեկատվություն են փոխանցում»․ Մասիսի համայնքապետը՝ Նիկոլ Փաշինյանին


«Երևանից գործուղված անձը և Ձեր կուսակցության որոշ նոր անդամներ Ձեզ ոչ հավաստի տեղեկատվություն են փոխանցում»․ Մասիսի համայնքապետը՝ Նիկոլ Փաշինյանին
Հոկտեմբեր 20 21:36 2026

Այսօր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյբուքյան էջում հրապարակել էր հոկտեմբերի 7-ին Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի ստորագրած որոշումն ու կից՝ գրել․ «Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը»։ Այս հրապարակմանն արձագանքել է Մասիսի համայնքապետ Նորայր Հակոբյանը։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նա նշել է․

«Ձեզ ստում են, պարո՛ն վարչապետ։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ին իմ կայացրած որոշման վերաբերյալ անդրադարձին՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալը.

Նշված որոշմամբ աշխատանքից ազատել եմ Մասիս համայնքի Ազատաշեն բնակավայրի վարչական ղեկավարին՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հիմքով։

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Համայնքային վարչական պաշտոններն են… բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները»։ Նույն հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է, որ «վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում»։

Հաշվի առնելով վարչական ղեկավարի՝ իր քաղաքական ուղղվածությունը և դիրքորոշումը փոխելու մասին հայտարարությունը՝ ղեկավարվելով վերոնշյալ իրավական հիմնավորմամբ, կայացվել է որոշումը։

Հանրության համար առավել ընկալելի օրինակով բացատրեմ իրավիճակը.

Պատկերացրեք՝ մարզպետը, նախարարը կամ նրա տեղակալը հայտարարում է, որ չի կիսում կառավարության որդեգրած քաղաքական ուղղվածությունը և միանում է ընդդիմությանը, սակայն շարունակում է պաշտոնավարել՝ պահպանելով իր քաղաքական պաշտոնը։ Արդյոք նման իրավիճակում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հանգամանքը չպե՞տք է դիտարկվի։

Հ.Գ.

1. Մասիս համայնքում որևէ մեկը չի կարող մեր կողմից քաղաքական հետապնդման ենթարկվել։ Մեր թիմը քաղաքական հետապնդումը համարում է թույլերի ձեռագիր։

2. Պարո՛ն վարչապետ, Երևանից Մասիս համայնք գործուղված անձը և Ձեր կուսակցության որոշ նոր անդամներ Ձեզ ոչ հավաստի տեղեկատվություն են փոխանցում։

3. Մնացածի մասին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»։