Հայկ Գրիգորյանը Կարեն Անդրեասյանից ավելի Կարեն Անդրեասյան է․ «Հրապարակ»


Հայկ Գրիգորյանը Կարեն Անդրեասյանից ավելի Կարեն Անդրեասյան է․ «Հրապարակ»
Փետրվար 10 11:57 2024

«Հրապարակ» թերթը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանը թեեւ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցություններից մեկի՝ «Պատիվ ունեմ»-ի հավանությանն էր ժամանակին արժանացել, պարզվում է` Կարեն Անդրեասյանից ավելի Կարեն Անդրեասյան է։ ԲԴԽ մեր աղբյուրն ասաց, որ Հայկ Գրիգորյանը ԲԴԽ անդամի պաշտոնը ստանձնելուց հետո որեւէ որոշման դեմ չի քվեարկել, նա կողմ է քվեարկել, օրինակ, դատավորներ Դավիթ Հարությունյանի, Աննա Փիլոսյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի, Սուրեն Անտոնյանի, դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու հարցին։ Այսինքն, ԲԴԽ այս անդամն անվերապահորեն կատարել է իշխանությունների բոլոր հրահանգները, եւ հիմա հասկանալի չէ, թե ինչու էր ընտրվելիս արժանանում ընդդիմադիր խմբակցության հավանությանը:

Հայկ Գրիգորյանի անունը՝ որպես ԲԴԽ անդամի, վերջին անգամ շոշափվել է, երբ նա Կարեն Անդրեասյանի հետ միասին սրճարաններից մեկում հանդիպել էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ, թեեւ որպես ԲԴԽ անդամ՝ ինչպես Անդրեասյանը, այնպես էլ Գրիգորյանը, չեզոք լինելու պարտավորություն ունեն, քանի որ կարգապահական վարույթներ քննելիս ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան: Փաստորեն ստացվում է, որ դատարանը սրճարանում ճաշելու էր գնացել կողմերից մեկի հետ։ Գրիգորյանը, հիշեցնենք, Քննչական կոմիտեի նախկին նախագահն է, նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2018-21 թվականներին, այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունվարի 14-ին՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, սակայն ամիսներ անց տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ «Սերժին մերժեցին», Հայկ Գրիգորյանին «չմերժեցին», եւ նա 3 տարի պաշտոնավարեց Նիկոլի օրոք։ Գրիգորյանին ՔԿ պետի պաշտոնից ազատեցին 2021-ին՝ նրա փոխարեն նշանակելով Արգիշտի Քյարամյանին։ Նա շուրջ 1 տարի լռեց` սպասելով նոր նշանակման, եւ չսխալվեց. 2022 թվականի դեկտեմբերին Հայկ Գրիգորյանին ներկայացրին Ազգային ժողովին` որպես Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան գիտնական անդամի թեկնածու, եւ նրա օգտին քվեարկել էր ԱԺ 65 պատգամավոր, դեմ՝ 0։ Կողմ էին քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները: «Պատիվ ունեմ»-ից քվեարկությանը չէր մասնակցել միայն Աննա Մկրտչյանը։ Իր եզրափակիչ խոսքում Գրիգորյանը հավաստիացրել էր, որ վստահության քվեն ստանալու եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու դեպքում պարտավորվում է պարտականություններն իրականացնել բացառապես միայն օրինականության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա:

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին հարցրինք, թե գո՞հ են նաեւ իրենց ձայների շնորհիվ ԲԴԽ անդամ դարձած Գրիգորյանի գործունեությունից, որպես ԲԴԽ անդամ՝ նա արդարացնո՞ւմ է «Պատիվ ունեմ» դաշինքի ստացած քվեն։ Թովմասյանն ընդամենը պատասխանեց․ «Սահմանադրական անկախ մարմնի անդամների գործունեությանը մենք չենք կարող միջամտել»:

Ի դեպ, մեզ փոխանցեցին նաեւ, որ ԲԴԽ միակ անդամը, որ ամենահաճախն է դեմ քվեարկում եւ մյուսներից տարբերվող կարծիք հայտնում, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն է, ով ԲԴԽ անդամ է ընտրվել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»



loading...