Սեպտեմբերի 19-20-ին մեկօրյա պատերազմի դաժանության ու կատարված սխրանքների մասին միայն ականատեսները գիտեն։ Հերոսական կռիվ տված շատ-շատերի անուններն անհայտ են մնում։ Չլդրանցի Արայիկ Շեկյանի մարտական սխրանքների մասին, օրինակ, կինը՝ տիկին Կարինեն, նույն խրամատում կռված տղաներից է իմացել։
«Սեպտմեբերի 16-ին N707 դիրքում էր ամուսինս։ Երկու օրում երկու խրամատ էր փորել, բայց որ կռիվը սկսվել է, տղաներին ասել է՝ դուք խրամատում պաշտպանվեք ու թե կարող եք՝ պահեստատուփս արագ-արագ լիցքավորեք տվեք․․․ Ութ հոգով էին խրամատում, մենակ ինքն էր տարիքով՝ 49 տարեկան էր․․․ Մյուսները, որ տեսել են արդեն հնարավոր չէ դիմադրելը, քանի որ 8-ի վրա 180 հոգով էին գալիս, ասել են՝ քեռի Արո, եկեք դուրս գանք, ամուսինս ասել է՝ չէ, տղերք, մի 15 րոպե էլ դիմադրենք ու կռիվը կկանգնի․․․ Քանի որ իր տղայի տարիքին էին մյուսները, ասել էր՝ խրամատ մտեք, որ պաշտպանվեք, դուք փոքր երեխեք ունեք, ինձ ինչ կլինի՝ կլինի։ Ու էդպես էլ արել են, երկար դիմադրել է իրենց դիրքը, ամենավերջինն է հանձնվել, ու հրամանատարն էլ դա գիտի», - «Փաստինֆո»-ին պատմում է հերոսաբար զոհված Արայիկ Շեկյանի այրին՝ տիկին Կարինեն։ Ի դեպ, Շեկյաններին առ այսօր ցավակցելու չի գնացել հրամկազմից որևէ մեկը։
Արայիկը 16-ից տարեկանից է միացել ազատագրական պայքարին։ 1990-ականներին վիրավորվել է․ բժիշկները գնահատելով վիճակը՝ որոշել էին հաշմանդամության կարգ տալ, բայց ինքը հրաժարվել է՝ ասելով, որ ամաչում է այդ կարգավիճակից։
Ավելին, անտեսելով առողջական խնդիրները, Շեկյանն Ապրիլյան պատերազմին կամավոր մեկնել է առաջնագիծ՝ Թալիշ։ 44-օրյան որ սկսվել է, Արայիկը դարձյալ առաջին գծում էր։
«44-օրյային էլ Եղնիկներում էր։ Պատերազմն ավարտվել էր, բայց ինքը դեռ չէր եկել։ Մի շաբաթ հետո նոր տուն է եկել։ Այս անգամ էլ կարող էր չգնալ, բայց գնաց։ Երկու տղաներն էլ առաջնագծում էին՝ փոքրս դեռ ժամկետային էր։ Չգիտեմ՝ տղաների կողքին լինելու համար գնաց, թե առանց այդ էլ կգնար։ Էդ դիրքը՝ N707-ը, որը մեր գյուղացիներն էին պահում, դպրոցից երևում է․ տեսնում էինք, թե ինչ կարկուտ են թափում ադրբեջանցիներն այդ դիրքի վրա։ Մտածում էինք, որ ոչ մեկը ողջ չի մնալու, բայց, բարեբախտաբար, յոթը փրկվել են, իսկ Արայիկը․․․ տղաներին պահեց, բայց ինքը գնաց․․․»,- ասում է կինը։
Արայիկի մարմինը Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում է ամփոփված։ Սեպտեմբերի 23-ին հուղարկավորել են, հետո պարզ է դարձել, որ բոլորը հարկադրված են լքել Արցախը․․․ Դին տեղափոխելու հարցով հարազատները դիմել են Կարմիր Խաչին, բայց առայժմ սպասում են։
Ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների առաջխացումը կանխելու ժամանակ զոհված Արայիկ Շեկյանը չորս զավակ ունի․ ընտանիքը հիմա Երևանում վարձակալած տանն է ապաստանել՝ հայրենի Արցախում թողնելով երեք տուն ու ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածը․․․
Տեղի ունեցած ողբերգության մասին իմանալուց անմիջապես հետո կինն ու երեխաները գնացել են դիահերձարան, որտեղից արդեն տուն վերադառնալ չեն կարողացել․ ճանապարհն ադրբեջանցիները փակել էին։ Ամեն ինչ՝ անգամ խնայողություններն ու ոսկեղենը, մնացել էր փակված ճանապարհի մյուս կողմում․․․










