«Լիլի Մկրյանի փոխարեն վաղը կարող եք հայտնվել հենց դուք»․ՄԻՊ-ի եւ Կարեն Անդրեասյանի արձագանքը


«Լիլի Մկրյանի փոխարեն վաղը կարող եք հայտնվել հենց դուք»․ՄԻՊ-ի եւ Կարեն Անդրեասյանի արձագանքը
Փետրվար 3 17:08 2024

Վահե Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Պահանջում եմ փոխել կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխաների մայրերի` Լիլի Մկրյանի և Անի Գևորգյանի խափանման միջոցները։ Եթե նրանք գտնվեն տնային կալանքում, որևէ կերպ չեն կարող խանգարել քննության ընթացքին։ Բազմաթիվ նման այլ քրեական գործերից և ոչ մեկի պարագայում կալանքը ընտրված չէ որպես խափանման միջոց։

 

Անհատապես դիմում եմ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, ՄԻՊ Անահիտ Մանասյանին, բոլոր քաղաքական, հասարակական գործիչներին, լսարան ունեցող մարդկանց` ակնկալելով հանրային աջակցություն և նրանց հստակ դիրքորոշումը անհամաչափ խափանման միջոցի կիրառման հարցում։

 

Հարգելի հայրենակիցներ, Լիլի Մկրյանի փոխարեն վաղը կարող եք քրեակատարողական հիմնարկում հայտնվել հենց դուք, որովհետև մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ քաղաքական հաշվեհարդարներին զոհ են դառնում բոլորովին անմեղ մարդիկ միայն այն պատճառով, որ սխալ պահին հայտնվել են սխալ տեղում։

 

Նիկո՜լ, Ալենի հետ հաշիվներդ մաքրքիր իր հետ։ Ամենաստոր, ամենանենգ մարդը կարող է կանանց օգտագործել իր քաղաքական հաշիվները պարզելու համար։

 

Նկարում խնամքի տակ 2 մանկահասակ երեխա ունեցող Լիլի Մկրյանն է` համեստ, պարկեշտ անձնավորություն, շատ լուրջ կրթություն ստացած և իր գործի պրոֆեսիոնալ մասնագետ։ Նման շինծու քրեական գործերով հսկայական վնաս եք հասցնում նաև մարդկանց կարիերային, ինչպես նաև ՏՏ ոլորտին, որի ստեղծման ու կայացման հարցում որևէ լումա չունեք ներդրած»։

 

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը արձագանքել է գրառմանը՝ գրելով․

 

«Հարգելի Վահե, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ որևէ մարդու կալանքի հետ ես որևէ առնչություն չունեմ, իսկ նման հարցերին միջամտելը իմ կողմից կլիներ հանցագործություն»:

 

ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ իր հերթին գրել է․

 

«նախօրեին անձամբ եմ այցելել քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Ձեր կողմից հիշատակված անձանց հետ: Խորհրդապահական բնույթ կրող առանձնազրույց եմ ունեցել նրանց հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իմ ուշադրության ներքո:

 

Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի` Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով: Ուստի բոլոր գործողություններն իրականացվում են բացառապես Պաշտպանի մանդատի և լիազորությունների շրջանակներում»։