Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում՝ իր տան բակում, ընկած ադրբեջանական արկի պայթյունից զոհվում է 55-ամյա Գառնիկ Գաբրիելյանը։
«Մեր թաղամասն առանց դադարի էին ռմբակոծում։ Մենակ մեր տան վրա ահագին խփել են։ Տան հետնամասին, դիմացը, բակում քանի հատ արկ է ընկել․․․ Որ սկսեցին ռմբակոծել, Գառնիկը տանը չէր․ ես հազիվ հասցրեցի բլինդաժ հասնեմ (1990-ականներից տան բակում բլինդաժ ունեինք փորած)։ Իջա ու զանգեցի ամուսնուս, որ ասեմ տուն գա։ Քիչ հետո հասավ, բայց բլինդաժ չմտավ․ կանգնեց բակում՝ բլինդաժի վերևը ու սկսեց նայել, թե որ կողմից են խփում։ Ասացի՝ ի՞նչ կլինի, մտիր բլինդաժ էլի, ինքը թե՝ չէ, չեմ մտնում, պիտի գնամ տղերքի մոտ՝ դիրքեր, տեսնեմ՝ ինչ վիճակ է։ Մեկ էլ որ խփեցին ուղիղ բակի մեջ, Գառնիկն ընկավ ներքև՝ բլինդաժի մեջ․․․ Արյան մեջ շաղախված էր գլուխը․ գլխին էր կպել, գիտակցությունը կորցրել էր․․ Գոռալով դուրս եկա փողոց, որ օգնություն կանչեմ։ Էդ պահին հարևանս մեքենայով ուզում էր դուրս գալ, կանգնեցրեց եկավ, որ հանենք, չկարողացանք, ծանր էր։ Ժողովուրդն արդեն խուճապահար դեսուդեն էր գնում ռմբակոծության տակ, մի մասը դուրս էր գալիս գյուղից, երեխաներին էին հանում․․․ Մի մեքենայի դիմաց կանգնեցի, ձեռքերս փռեցի, որ կանգնի, էդ տղան եկավ, օգնեց մի կերպ ամուսնուս հանեցինք բլինդաժից։ Մի տեղից մեքենա գտանք, հասցրեցինք Ճարտար, էնտեղից՝ Մարտունու հիվանդանոց․ Մարտունիում էլ ասացին, որ վիճակը ծանր է, պետք է Ստեփանակերտ տեղափոխել։ Ես արդեն ուժասպառ էի, ամուսնուս քույրերը գնացին հետը»,- «Փաստինֆո»-ին պատմում է ադրբեջանական ռմբակոծության հետևանքով իր տան բակում զոհված Գառնիկ Գաբրիելյանի այրին՝ տիկին Ամուրան։
Մաճկալաշենի բնակչին անգիցակից վիճակու հասցնում են Ստեփանակերտ, մի քանի ժամից ադրբեջանցիները փակում են նաև Մարտունի-Ստեփանակերտ մայրուղին։ Ելնելով Գաբրիելյանի վիճակից՝ Ստեփանակերտում այլևս չեն կարողանում օգնել տուժածին։
«Ոչ ճնշում ուներ, ոչ պուլս կար արդեն․․․ Բժիշկներն էլ ձեռք չեն տալիս, ասում են, որ կյանքը փրկել հնարավոր չէ․ երեկոյան 21։30-ի հատվածում սիրտը կանգնում է»,-պատմում է այրին։
Ճանապարհի փակ լինելու պատճառով տիկին Ամուրան ամուսնու մոտ հասնել չի կարողացել․ նրան հուղարկավորել են Ստեփանակերտում՝ առանց կնոջ վերջին հրաժեշտի․․․
«Դիահերձարանում տեղ չկար, չեն կարողացել պահել․ զանգում ասում էին՝ եկեք տարեք, քույրերը ստիպված հուղարկավորեցին էնտեղ։ Ուզում էինք սպասել, որ տեսնենք՝ ինչ է լինում․․․ Գոնե կարողանայինք էստեղ բերել։ Բայց դե, հնարավոր չէր պահելը․․․Դագաղ էլ չկար, հերթ էր․․․ Մեծ դժվարությամբ են գտել»,-ասում է կինն ու շարունակում՝ պատերազմ չի եղել, որին մասնակցած չլինի ամուսինը։
Գաբրիելյանն իր մեքենայով 44-օրյա պատերազմի ժամանակ ամենավտանգավոր դիրքեր էր հասնում․ տղաներին սնունդ, հագուստ ու զենք հասցնում, քշում ականապատ դաշտերով․․․ Տիկին Ամուրան հիշում է՝ զինվորներն անունը «դուխավոյ ձեդ» էին դրել։
«Գիշերներն էլ չէր տուն գալիս։ Որ ասում էի՝ Գառնիկ, գոնե գիշերը տուն արի, մի քիչ քնիր, հանգստացիր, ասում էր՝ չեմ կարող, իմ կարիքն ունեն տղաները, պիտի օգնեմ իրենց»,-հիշում է կինը։
Ամուսնուն կորցնելուց հետո տիկին Ամուրան մի անգամ է տուն՝ Մաճկալաշեն մտել, սեպտեմբերի 22-ին էր․
«Մտել եմ արագ փաստաթղթերը վերցրել ու դուրս եկել․ ուրիշ ոչ մի բան չվերցրեցի, վախենում էի․․․ Ասում էին, որ գյուղում արդեն ադրբեջանցիներ կան։ Գնացի Սոս՝ աղջկաս մոտ, էնտեղից էլ ամսի 25-ից շարժվեցինք դեպի Հայաստան․․․»։
Հիմա Էջմիածնում է ապրում ամուսնուն, տունն ու ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածը կորցրած տիկին Ամուրան։ 180 հազարով տուն է վարձակալել, ասում է՝ դրանից էժան չի գտել․․․ Մի քանի օր առաջ աշխատանքի է անցել․ ասում է՝ մենակ աջակցության գումարով չի կարողտան վարձը տալ, պիտի աշխատի՝ որքան էլ դժվար լինի այդ հոգեվիճակում աշխատելը, այլապես դրսում կմնա․․․










