Ինչպես բարձրացնել դատավորին պատասխանատվության ենթարկելու հարց․ Դատական դեպարտամենտն ուղղություն է ցույց տալիս քաղաքացիներին


Ինչպես բարձրացնել դատավորին պատասխանատվության ենթարկելու հարց․ Դատական դեպարտամենտն ուղղություն է ցույց տալիս քաղաքացիներին
Հունվար 24 13:55 2024

Դատական դեպարտամենտը հաղորդագրություն է հրապարակել՝ քաղաքացիներին իրազեկելով, թե ինչպես պետք է դիմեն ՀՀ արդարադատության նախարարությանը և Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման համար։

«Կարևոր իրազեկում դատական իշխանությունից

Ի՞նչ անել, երբ դատավորը, ձեր համոզմամբ, խախտել է օրենքը, ձեր իրավունքը կամ կողմնակալ ու ապօրինի որոշում է կայացրել
Կարող եք միաժամանակ կամ հերթով դիմել Արդարադատության նախարարին կամ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

Եթե այս մարմիններից գոնե մեկը գտնի, որ դատավորի արարքում խախտում կա, ապա գործը կբերի Բարձրագույն դատական խորհուրդ, որն էլ վերջնական կորոշի՝ պետք է տույժ տալ դատավորին, թե ոչ: Դատավորի տույժը կարող է լինել նախազգուշացումից մինչև լիազորությունների դադարեցում:

Կարևոր է իմանալ, որ Բարձրագույն դատական խորհուրդը չունի լիազորություն առանձին գործերի քննության ընթացքին որևէ կերպ միջամտելու կամ դատավորից պահանջելու, որ այս կամ այն գործը չքննի:
Խորհուրդը նաև չի կարող սեփական նախաձեռնությամբ դատավորին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ինչպե՞ս դիմել. դիմումը կարող է ուղարկվել փոստով կամ էլեկտրոնային նամակով՝
Արդարադատության նախարարին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ փոստային հասցե՝ 0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան փ. 3/8 հասցեով։

Էթիկայի և կարգապահան հարցերի հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ փոստային հասցե՝ 0009 ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով։

Ուշադրություն՝ անստորագիր նամակներին ընթացք չի տրվում, այն պետք է լինի հայերեն, պարունակի դիմողի անունը, ազգանունը, վարչական մարմնի անվանումը, որին ուղղված է դիմումը, ներկայացվող պահանջը, դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, դիմողի ստորագրությունը, հետադարձ հասցեն»,- նշված է հաղորդագրությունում։