Լուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ ՀՀ-ն կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ


Լուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ ՀՀ-ն կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ
Դեկտեմբեր 25 20:49 2023

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից նեղացած չէ և վստահ է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու իր ներկայիս դաշնակիցների հետ համագործակցությանը։

Այս մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն։

Լրագրողները Լուկաշենկոյին հարցրել են, թե արդյոք նա նեղացած չէ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու այն դեպքում, երբ նախկինում չի մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին։

«Ի՞նչ եք անում: Դրանք տարբեր ձևաչափեր են: Ես գիտեի դրա մասին: Ես այն ժամանակ ասացի, որ նա կժամանի Սանկտ Պետերբուրգ...ինչ վիրավորանքի մասին է խոսքը»,–ասել է Լուկաշենկոն:

Նա հիշեցրել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցը, որում քննարկել են, որ ԵԱՏՄ–ն տնտեսական կառույց է, ոչ թե ռազմաքաղաքական, և դրան պետք է մասնակցել։

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իսկ դեկտեմբերի 26-ին նախատեսված է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։։