Արմեն Աշոտյանն այսօր նոր տերմինաբանություն ներմուծեց, որը շատ հստակ բնութագրում է դատաիրավական համակարգի ողջ մերկությունը․ Տիգրան Աբրահամյան


Արմեն Աշոտյանն այսօր նոր տերմինաբանություն ներմուծեց, որը շատ հստակ բնութագրում է դատաիրավական համակարգի ողջ մերկությունը․ Տիգրան Աբրահամյան
Դեկտեմբեր 19 19:04 2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավարությանը և կոնկրետ այսօրվա դատական նիստին։

«Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը բավականին աշխույժ է անցնում` մի կողմից իշխանության գործադրած բութ գործիքակազմն է, մյուս կողմից Արմենի փաստարկված խոսքը` համեմված ինտելեկտուալ հումորով ու իրավական ապտակներով:

Արմենն այսօր նոր տերմինաբանություն ներմուծեց դաշտ, որը շատ հստակ բնութագրում է դատաիրավական համակարգի ողջ մերկությունը:

«Սարքելու ինդուստրիա», «սարքելու հոսքագիծ», վերջերս մոդայիկ դարձած խաչմերուկ  բառը, բայց այս դեպքում ոչ թե խաղաղության, այլ արդարության:

Սրանք ձևակերպումներ են, որոնք բնութագրում են իշխանության մղումները` քննչական, դատախազական, դատական համակարգերից մինչև քաղաքական որոշումներ կայացնող կենտրոններ:

Արմենը նաև հիշեցրեց տխրահռչակի վերջին «կռուտիտը»` մենք դատարանի դռները մի քանի ժամով փակել էինք՝ արդարադատության դռները բացելու համար:

Սա պարզ լեզվով ասած նշանակում է, որ իշխանությունը թքած ունի օրենքի և Սահմանադրության վրա ու քաղաքական խնդիրներ լուծելիս առաջնորդվում է նեղ անձնական ցանկություններով, քմահաճույքներով և ֆանտազիաներով:

Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին և մեր մյուս քաղբանտարկյալներին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: