Սկոպյեում ՌԴ ԱԳ նախարարի հետ կիսվել ենք տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ պահվածքի, դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով․ Արարատ Միրզոյան


Սկոպյեում ՌԴ ԱԳ նախարարի հետ կիսվել ենք տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ պահվածքի, դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով․ Արարատ Միրզոյան
Դեկտեմբեր 6 21:15 2023

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս Սկոպյեում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ Ռուսաստանի տեսլականը, Միրզոյանն էլ կիսվել է տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումների վերաբերյալ հայկական կողմի ընկալումներով:

Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Պատգամավորը  հարցրեց, թե վերջերս Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի ընթացքում նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման թեման ո՞րն է եղել՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում վերջերս առկա բարդությունները:

Միրզոյանն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգը բազմաթիվ ոլորտներ և հարցեր է ընդգրկում, երկու երկրները նաև տարածաշրջանային հարցերում ունեն խաչվող հետաքրքրություններ, հետևաբար՝ ՌԴ-ի հետ միշտ քննարկելու թեմա կա:

«Եվ մենք մեծ հաճույքով միշտ օգտագործում ենք առիթները՝ այդպիսի շփումների համար: Այս անգամ ևս ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով և տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի Դաշնության պահվածքի, դիրքորոշումների մեր ընկալումներով»,-ասաց Միրզոյանը՝ հանդիպումը գնահատելով արդյունավետ:

Պատգամավորը նկատեց, որ հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ Սերգեյ Լավրովը բողոքել է ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչից: Մինասյանը հետաքրքրվեց խնդրով:

«Այո, ես տեսել եմ մեր հանդիպումից այդ կտորը, որը տարածվել էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ըստ ամենայնի, ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը: Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկություններն ամենևին այդպես չէր: Ըստ ամենայնի՝ տեխնիկական թյուրիմացություն է եղել, որն արժանացել է Ռուսաստանի արտգործնախարարի ուշադրությանը: Խոսակցությունն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը, և ես ասում էի, որ մենք չենք նախաձեռնել»,-ասաց  Հայաստանի արտգործնախարարը: