Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները դադարեցվել են։
Iravaban.net-ը հայտնում է, որ դատավորի լիազորությունների դադարեցման համար հիմք է հանդիսացել Դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, այն է․ «․․․Վերջինս ունի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել նախատեսված պարտադիր բժշկական զննությունը»:
«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի պարտականությունները կատարողի 17.11.2023 թվականի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2023 թվականի նոյեմբերի 20-ից դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ռաֆիկի Ներսիսյանի լիազորությունները»,-նշվում է որոշման մեջ:
Նշենք, որ Ներսիսյանը 1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Խորհրդային շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում՝ որպես դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: