Հայաստանում հնդիկների թիվը 20-30 հազար է, նրանք աշխատանքային միգրանտներ են․ Վահան Քերոբյան


Հայաստանում հնդիկների թիվը 20-30 հազար է, նրանք աշխատանքային միգրանտներ են․ Վահան Քերոբյան
Նոյեմբեր 20 15:21 2023

«Աշխատանքային միգրանտները չեն համարվում զբոսաշրջիկ, բայց եթե Հնդկաստանից զբոսաշրջիկներ էլ այցելեն, մենք միայն ուրախ կլինենք, այդ ուղղությամբ աշխատում ենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով, ասիական շուկան իրենց համար նոր զարգացման ուղղություն է, այնտեղ պարբերաբար մասնակցում են զբոսաշրջային ցուցահանդեսների, իրականացնում են տարբեր գովազդային արշավներ:

Հարցին՝ Հայաստանում գտնվող հնդիկների թիվը որքա՞ն է, Վ.Քերոբյանը պատասխանեց. «Մեր ունեցած թվերը, որոնք վերցրել ենք սահմանահատումների վերաբերյալ, խոսում են այն մասին, որ հնդիկների թիվը Հայաստանում 30 հազարից, գուցե նաև 20 հազարից քիչ է: Մենք վերցրել ենք 2010 թվականից ի վեր սահմանահատումների քանակը: 20-30 հազարի միջակայքում է։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր այս պահին գտնվում են Հայաստանում։ Քանի որ մենք գիտենք, որ  Հնդկաստանից զբոսաշրջային հոսքերն այդքան մեծ չեն, հետևաբար դրանք զբսաշրջիկներ չեն»:

Նա նշեց, որ հնդիկները Հայաստանում տարբեր ոլորտներում են ընդգրկված՝ շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայությունների ոլորտ։

«Չեմ կարող ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գալիս Հնդկաստանից: Բարձր որակավորում ունեցող մասնագետներ գալիս են ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից: Իսկ Ուզբեկստանից, Իրանից և Հնդկաստանից հիմնականում գալիս են ցածր որակավորում ունեցող աշխատողներ, որոնք բանվորական տարբեր մակարդակի աշխատանքներ են կատարում»,-ասաց նա։

Քերոբյանը նշեց, որ հիմա, իհարկե, իրենց ջանքներն ուղղվում են նրան, որ ԼՂ բռնի տեղահանված անձինք արագ աշխատանք ստանան, «որպեսզի կարողանան դառնալ տնտեսական օգուտ, տնտեսական ուժ, ոչ թե բեռ»։