«Հրապարակ» թերթը գրում է․ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծես պատերազմ է հայտարարել Երեւանի ավագանու խմբակցություններից մեկի անդրօվկիանոսյան ղեկավարին՝ «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին՝ Դոգին։
Օրերս գրել էինք, որ նա դիսպետչերականից հետո փակ հանդիպման ժամանակ իր ենթականերին խստիվ արգելել է զրուցել Դոգի հետ, պատասխանել նրա զանգերին, առավել եւս՝ նրան «պարոն»-ով դիմել։ Իսկ երեկ տեղեկացանք, որ որոշել են Դոգի ավագանու անդամներին կարգի հրավիրել։ Քաղաքապետարանում ուշագրավ գործընթաց է սկսվել, չնայած հրահանգվել է բոլորին, որ հույժ գաղտնի պահեն այդ մասին։ Գործընթացը ղեկավարում են փոխքաղաքապետներից մեկը՝ Սուրեն Գրիգորյանը, եւ աշխատակազմի գլխավոր քարտուղար Շավարշ Գրիգորյանը, ով նաեւ համակարգում է իրավական բլոկը։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հաղորդում են պատրաստել հանցագործության մասին՝ քաղաքապետարանի բնականոն գործունեությանը խոչընդոտելու հիմքով, այս խմբակցության անդամների հետ կապված։ Եվ արդեն մի քանի օր է՝ Սուրեն Գրիգորյանն ու Շավարշ Գրիգորյանը հետաքննություն են անում, թե «Հանրային ձայնի» ավագանու անդամներն ում հետ են առնչվել, ինչ հարցերով։ Քաղաքապետարանում դիմում է պատրաստվել, որը պետք է ստորագրեն բոլոր նրանք, ովքեր առնչություններ են ունեցել այս խմբակցության անդամների հետ, եւ այդ դիմումը պետք է ներկայացվի իրավապահներին, ավելի կոնկրետ՝ Գլխավոր դատախազություն։ Մեզ ասացին, որ եղել են հրաժարվողներ, եղել են խուսափողներ, բայց մեծ մասը ստորագրել է։
Բանն այն է, որ «Հանրային ձայնի» ավագանու անդամները սկսել են այցելել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներ՝ պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, դպրոցներ, այլ հիմնարկներ։ Նրանք զանգում եւ պահանջներ են ներկայացնում տարբեր վարչությունների պետերին, եւ սա ոմանք դիտում են որպես քաղաքապետարանի բնականոն գործունեությանը խոչընդոտելու փորձ։ Եվ փորձելու են իրավական գործընթացով կանգնեցնել նրանց, որ նրանք իրենց լիազորություններից դուրս չգան։
Երեւանի ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածով սահմանվում են ավագանու անդամի իրավունքները եւ պարտականությունները։ Մասնավորապես, ավագանու անդամն իրավունք ունի․
«1) նախաձեռնելու ավագանու ակտերի ընդունումը (ներառյալ` բյուջեի), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով այդ ակտերի ընդունման նախաձեռնությունը վերապահված է բացառապես քաղաքապետին, ավագանու խմբակցությանը կամ ավագանու անդամների առնվազն մեկ երրորդին
2) ստանալու ավագանու իրավական ակտերը, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված՝ գաղտնիք համարվող տեղեկությունների
3) ելույթ ունենալու ավագանու, ավագանու հանձնաժողովների նիստերում, հարցեր տալու
4) կատարելու Երեւանի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ
5) առաջարկություններ ներկայացնելու ավագանու նիստերի օրակարգի եւ քննարկվող հարցերի վերաբերյալ
6) ավագանու եւ քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները: Ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաեւ յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան` ավագանու եւ քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով
7) իրականացնելու սույն օրենքով եւ ավագանու կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ»:
Քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասով «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», քաղաքապետարանի պաշտոնյաները կարծում են, որ «Հանրային ձայնի» ներկայացուցիչները կատարում են գործողություններ, որոնք չեն բխում իրենց լիազորություններից, ուստի դա իրավապահների կողմից կարող է դիտարկվել որպես լիազորությունների վերազանցում։ Մեզ ասացին, որ մինչ այս պահը նշված դիմումի տակ արդեն քաղաքապետարանի հարյուրից ավելի աշխատող է ստորագրել։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ Տիգրան Ավինյանը կարող է այս գործընթացն ավարտին չհասցնել, այսինքն՝ դիմումը մուտք չարվի դատախազություն։ Հնարավոր է՝ Ավինյանը ստուգում է, թե ովքեր են իր աշխատակազմի դասալիքները. նրանք, ովքեր չեն ստորագրի, կհայտնվեն իր սեւ ցուցակում։ Ի դեպ, այս գործընթացն ամբողջովին համաձայնեցված է Նիկոլ Փաշինյանի հետ։
Ուշագրավ է, որ «Հանրային ձայն» խմբակցությունում տեղյակ չեն սրա մասին, ավագանու անդամ Նանա Սարգսյանը մեզ ասաց՝ թող անեն, մենք կպատասխանենք․ «Մեր գործառույթի, լիազորությունների մեջ է մտնում առանց թույլտվության այցելել քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկներ, չենք պատրաստվում որեւէ մեկին տեղյակ պահել, ոնց աշխատել ենք, այնպես էլ շարունակելու ենք։ Իրենք պարզապես տեղյակ չեն լիազորությունների մասին, որովհետեւ տարիներ շարունակ չեն աշխատել ու չգիտեն, որ այսպես էլ է լինում, կարելի է մտնել որեւիցե դպրոց, կառույց, պոլիկլինիկա, որ տեսնենք քանի հիվանդ ունեն, գո՞հ են, դժգո՞հ են, ինչպես է կազմակերպվում հիվանդների մուտքը, բուժումը քանի օր է տեւում։ Ինչ է՝ վատ բա՞ն ենք անում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում