Քաղաքացիներին գումարով զինծառայությունից ազատել կարող է իրեն թույլ տալ ուժեղ կամ հարուստ երկիրը, օրինակ՝ Թուրքիան։ Այն երկիրը, որը մարդկային ռեսուրսների խնդիր չունի, կարող է իրեն նման բան թույլ տալ, բայց մեզ մոտ ոչ թե պետք է գումարով ազատել, այլ անգամ անդամալուծ մարդուն չպետք է ազատել։ Ցանկացած մարդ պետք է ծառայի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ, հետախույզ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծին, որով առաջարկվում է 27 տարին լրացած անձանց, ովքեր չեն ծառայել բանակում, գումարով ազատել քրեական պատասխանատվությունից։
«Ով չի ծառայել՝ պետք է կրկնակի հարկվի, պիտի զրկվի բարձրագույն կրթություն ստանալու իրավունքից, որովհետև իր տեղը լրիվ ուրիշ տեղ է, պետք է արգելվի նման մարդկանց վարկ տրամադրել։ Ընդ որում՝ ծառայությունը չի նշանակում անպայման մարտի դաշտ, դա շատ լայն հասկացություն է։ Անգամ կանայք պետք է ընդգրկվեն, դպրոցից ոչ մի փաստաթուղթ չպետք է ստանան՝ մինչև ծառայություն չանցնեն։ Մեր երկրում ոնց կարելի է նման կապիկություն անել՝ փողով ազատել ծառայությունից, եթե մարդը վախենում է զենք վերցնել՝ թող գնա իրական տղամարդկանց համար խրամատ փորի, եթե պացիֆիստ է, չի ուզում զենք վերցնել՝ զենք վերցնող մարդկանց համար թող աշխատանք կատարի»,- նշել է Վարդանովը։
Անդրադառնալով իշխանական պատգամավորի կողմից ՀՀ զորակոչիկների թվի հրապարակմանը՝ Վարդանովը նկատեց՝ դա իր մեջ, այնուամենայնիվ, գաղտնիք պարունակում է։
«Կարծում եմ իրեն հանձնարարել են այդ թիվը բարձրաձայնել։ Եթե իր ելույթը ավելի վառ ներկայացնելու համար է այդ թվերը հրապարակել, ապա, կարծում եմ, նա պետք է պատժվի։ Ստատիստիկան քաղաքականություն է, եթե ԱԺ-ում իրեն չեն հանձնարարել բարձրաձայնել, ապա պետք է պատժվի։ Առյուծի սի՞րտ է կերել՝ պետական գաղտնիքը բարձրաձայնի, կարծում եմ, հանձնարարել են»։










