Իշխանության նկատմամբ Ձեր ատելությունն այնքան մեծ է, որ չեք տեսնում որոշ իրողություններ, կամ էլ տեսնում ու հասկանում եք, բայց չեք ուզում ճիշտ մեկնաբանել։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը, թե որքան շատ են իշխանության ներկայացուցիչները խոսում ինքնիշխանությունից այնքան Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը։ Վարդանյանը նաև խնդրեց հայտնել, թե Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի քանի քառակուսի կիլոմետրն է օկուպացված։
«Ասում եք՝ ձեր իշխանության ժամանակ անընդհատ տեսնում ենք ինքնիշխանության կորուստ՝ ես խնդրում եմ բերել մեկ օրինակ։ Եկեք վերլուծենք ՀՀ ինքնիշխանության աստիճանը այս շրջանում, երբ ձեր ներկայացրած ուժը այս կամ այն կերպ առնչվել է իշխանությանը։
Աղմկահարույց գործարքներ, որոնցով Հայաստանի ենթակառուցվածքների մի զգալի մասը տրվեց այլ երկրների կամ երկրի։ Եկեք մի օր անկախ փորձագետները նստեն, վերլուծեն՝ էդ ում օրոք է Հայաստանն ինքնիշխանության կորուստ ունեցել և ում օրոք է ինքնիշխանության ամրապնդում եղել: Օրինակ, երբ ինքնիշխանությունը, վերջիվերջո, հանգում է կռվելուն, պետք է կարողանաս պաշտպանել քո տարածքն ու ինքնիշխանությունը, հետևաբար քո զենքերին ու սպառազինության մատակարարումներին և դրանց դիվերսիֆիկացմանը։ Եկեք մենք, կամ անկախ փորձագետները վերլուծենք, թե ում օրոք է Հայաստանը եղել ավելի ինքնիշխան, առնվազն տեսանելի քայլեր ձեռնարկել իր ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ»։










