Ինչպես հեռացնել անեծքը ամուսնական մատանուց. խորհուրդներ՝ էքստրասենսից


Ինչպես հեռացնել անեծքը ամուսնական մատանուց. խորհուրդներ՝ էքստրասենսից
Հոկտեմբեր 31 23:44 2023

Եթե ​​ձեր սիրելին ամուսնության առաջարկություն է արել օգտագործված մատանիով կամ ընտանեկան ժառանգությամբ, հավանական է, որ այն անիծված է:

Քանի որ նշանադրության մատանիները հաճախ ժառանգաբար փոխանցվում են ընտանիքի մեկ անդամից մյուսին, շատերը կարծում են, որ դրանք կարող են պահպանել նախորդ տիրոջ էներգիան: Սակայն նրանց էներգիան կարող է չհամապատասխանել ձեր էներգիային, իսկ մատանու վրա, նույնիսկ, չար աչք լինի, գրում է New York Post-ը։

«Յուրաքանչյուր մարդ ունի իր վիբրացիան, իր էներգիան: Յուրաքանչյուրի վիբրացիայի հաճախականությունը լիովին եզակի է»,-Angelic Diamonds-ին ասել է հայտնի էքստրասենս Ինբաալ Հոնիգմանը,-«Ահա թե ինչով է պայմանավորված այն, որ նույնիսկ մութ ծառուղում մենք կարող ենք ասել՝ արդյոք ինչ-որ մեկը հետեւո՞ւմ է մեզ, իսկ երբեմն մենք կարող ենք ճանաչել մարդկանց, անգամ, եթե չենք տեսնում նրանց դեմքը, քանի զգում ենք նրանց էներգիան»:

«Եթե դուք պատահաբար ստանաք եւ կրեք մատանի, որը մեկ ուրիշը կրել է ձեզանից առաջ, օրինակ՝ ամուսնալուծության կամ կորստի ժամանակ, ապա այդ դժբախտության էներգիան կարող է ազդել նաեւ ձեզ վրա»,- զգուշացրել է Հոնիգմանը,-«Հատկապես նշանադրության մատանիների դեպքում, որոնք իրենց մեջ կրում են զուգընկերոջ խոստումը, եթե մատանին ունի բաժանման, ողբերգության, անհանգստության կամ արցունքների էներգիա, ապա այս ամենը հետագայում կարող է ներթափանցել նոր տիրոջ ամուսնության մեջ»:

Հոնիգմանը բացատրում է, որ յուրաքանչյուր առարկա ունի իր վիբրացիան, եւ երբ այն երկար ժամանակ օգտագործվում է, դրա էներգիան կրողի համար դառնում է ծանոթ եւ բնական:

«Մարդիկ եւ առարկաները անընդհատ փոխանակում են էներգիա, իսկ մարդիկ անընդհատ կիսում են էներգիան, այնպես որ, երբ մենք որոշ ժամանակով կրում ենք զարդը, այն վերցնում է մեր էներգիայի մի մասը եւ թրթռում է այլ հաճախականությամբ՝ մի փոքր նման մերին»,-բացատրել է Հոնիգմանը,-«Այս թանկարժեք քարը դառնում է մեր աշխարհի մի մասը, եւ երբ այն հեռանում է մեզանից, պահպանում է մեր մի փոքր մասը իր վիբրացիայի դաշտում»:

Որոշ դեպքերում նախորդ եւ ներկա սեփականատիրոջ միջեւ էներգիայի հակադրությունը այնքան ուժեղ կարող է լինել եւ այն աստիճան ազդել մարդկանց վրա, որ նրանք որոշեն ազատվել ապրանքից, ասում է Հոնիգմանը:

Հոնիգմանը չի առաջարկում հրաժարվել օգտագործված նշանադրության մատանուց կամ ընտանեկան ժառանգությունից: Այնուամենայնիվ, կան վատ էներգիայից ազատվելու ուղիներ։ Նա կիսվել է զարդերը նախկին տիրոջից մնացած էներգիայից մաքրելու՝ էքստրասենսների որոշ մեթոդներով:

Լվանալ հոսող ջրի տակ

Ջուրը սառեցնում եւ մաքրում է, մասնավորապես, հոսող ջրերը, ինչպիսիք են՝ առվակը կամ օվկիանոսը, կնպաստեն էներգիաների ավելի արագ ոչնչացմանը: «Թող սառեցնող, մաքրող թարմ ջուրը մաքրի ձեր նոր իրի բոլոր անհանգստությունները»:

Օգտագործեք արեւը եւ լուսինը

«Մատանին թողեք պատուհանագոգին, որպեսզի արեւը մարի անցանկալի էներգիաները։ Այնուհետեւ լուսինը լիցքավորում է մատանին իր օգտակար վիբրացիաներով․ սա եւս հիանալի տարբերակ է»,-ասել է նա:

Եթե ​​որոշեք գնալ այս ճանապարհով, ապա կարեւոր է ապահովել, որ մատանու նյութը չվնասվի արեւի ճառագայթի ազդեցությունից: Ստուգեք, թե մատանին ինչ ջերմաստիճանների կարող է դիմակայել եւ արդյոք դրա քարը խամրում է արեւի տակ:

Պահեք ձեր զարդերը խունկի մեջ

«Թանկարժեք քարը մի պահ խնկի ծխի մեջ պահեք․ սա կարող է օգնել դրանից հեռացնել ցանկացած անցանկալի բան»: