69 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը


69 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը
Հոկտեմբեր 30 18:33 2023

Այսօր 69 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը։ Լուրը հայտնում են օպերայի և բալետի թատրոնից։

Միքայել Հովակիմյանը՝ որպես լավ ու նվիրված արտիստ, մարդկային մեծագույն արժեքներով օժտված վայելում էր մեծ սերը՝ հատկապես արվեստասեր հասարակությունում։

Միքայել Հովակիմյանը ծնվել է Երևանում։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում, Միհրան Երկաթի դասարան։ 1986 թվականից Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է։ 2000 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ-տեսական ամբիոնում, 2011 թվականից՝ պրոֆեսոր։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հնդկաստանում և այլուր։