Ինչպես է Ռաֆիկ Սարգսյանը Արցախից ձիով եկել Հայաստան և Կոռնիձորում պապիկ դարձել


Ինչպես է Ռաֆիկ Սարգսյանը Արցախից ձիով եկել Հայաստան և Կոռնիձորում պապիկ դարձել
Հոկտեմբեր 27 19:13 2023

60-ամյա Ռաֆիկ Սարգսյանը Արցախից Հայաստան է եկել իր ձիով՝ Բույանով։ Նա Ստեփանակերտից Կոռնիձոր է հասել երեք օրում:  

Ճանապարհն այնքան բարդ էր, որ հասնելուց հետո Սարգսյանը  չէր կարողանում իջնել ձիուց։ Նրան օգնել,  հետո էլ իր տուն է տարել Կոռնիձորի բնակիչ Գրիգոր Ղահրամանյանը: Այդ օրվանից տղամարդը բնակություն է հաստատել նրանց ընտանիքում և դարձել ընտանիքի լիակատար անդամ։

«Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում էի ապրում, զբաղվում էի անասնապահությամբ, ունեի տուն և անհրաժեշտ ամեն ինչ, բայց միայն Բույանին վերցրի հետս։ Ես եմ նրան մեծացրել ու չկարողացա թողնել»,–  «Սպուտնիկ Արմենիա»-ին պատմել է Ռաֆիկ Սարգսյանը։

Նրա կինը հուղարկավորված է Քարվաճառում (մահացել է 2014թ.), իսկ 22 և 28 տարեկան որդիները՝ Ստեփանակերտ քաղաքի եղբայրական գերեզմանում․ զոհվել են 44-օրյա պատերազմում։ Արցախցի տղամարդն ամենաթանկը նրանց գերեզմաններն է համարում։

Հիմա իր ձին՝ Բույանն է Ռաֆիկ Սարգսյանի   մարտական ընկերը։  Տղամարդը մտադիր չէ բաժանվել ձիուց և հոգ կտանի նրա մասին մինչև կյանքի վերջը` իր կամ նրա: Ղահրամանյաններն էլ մտադիր չեն  թողնել Ռաֆիկին, որ գնա։ Նրանց որդին՝ Օլեգը, այնպես է կապվել տղամարդու հետ, որ նրան պապ է անվանում։ Օլեգն այնքան է ասել, որ 60-ամյա տղամարդուն բոլորն արդեն պապիկ են կոչում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում