Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում Արցախի Հանրապետությունն այլեւս գոյություն չունի


Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում Արցախի Հանրապետությունն այլեւս գոյություն չունի
Հոկտեմբեր 26 14:30 2023

Նիկոլ Փաշինյանն այսօր Թբիլիսիում խոսել է «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքների մասին ու հրապարակել մի քարտեզ, որտեղ արդեն Արցախի Հանրապետությունը գոյություն չունի։

Ըստ Փաշինյանի՝ «խաղաղության խաչմերուկի» սկզբունքներն են՝

թիվ 1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

թիվ 2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Ի դեպ, առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը, իհարկե մեր Պարեկային ոստիկանության հետ համատեղ:

թիվ 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

թիվ 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ:

«Ուզում եմ վերահաստատել այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու, կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը»,- հայտարարել է Փաշինյանն ու նշել, որ «Խաղաղության խաչմերուկը» խաղաղության օրակարգի անբաժան մասն է:

«Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին»,- ասել է նա: