Խոշոր հրդեհ՝ Հրազդան ջերմաէլեկտրակայանում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից


Խոշոր հրդեհ՝ Հրազդան ջերմաէլեկտրակայանում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Հոկտեմբեր 24 15:43 2023

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան ջերմաէլեկտրակայանի տարածքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 և թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդան ՋԷԿ-ի չշահագործվող շինության տարածքում, որտեղ կուտակված է եղել փայտ: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը` պարզվում է, սակայն կան տեղեկություններ, որ նշված վայրում զոդման աշխատանքներ են կատարելիս եղել: