«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից, չնայած այդ մասին վաղուց էին խոսում: Նրա նկատմամբ մի քանի քրեական գործ կա հարուցված, եւ մենք տեղեկություն ունեինք, որ իշխանությունը նրան հորդորում է հրաժարվել մանդատից՝ խոստանալով փակել գործերը: Մի քանի օր առաջ նրա նկատմամբ իրականացվող դատավարությունում դատախազը 5 տարի ազատազրկում է միջնորդել, որ դատարանը սահմանի: «Հրապարակ»-ին տված բացառիկ հարցազրույցում Չարչյանն իր որոշումն այսպես հիմնավորեց․ «Ուզում եմ վերադառնալ նորմալ կյանքին՝ բժշկությանը, որ կարողանամ ժողովրդին օգուտ տալ»։
Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա պատգամավորը մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է՝ փաստեր կան, որ ի չիք են դարձնում մեղադրանքի հիմքերը։
«Դատախազի միջնոր-դությունն իրավական գործընթաց է, որ հիմա գնում է։ Մեղադրանքը բոլորովին չեմ ընդունում, շատ փաստեր կան, որ այդ մեղադրանքը հերքում են»,- ասաց Չարչյանը։ Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, պատգամավոր Արմեն Չարչյանը, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին եւ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Սա հայտնի ձայնագրության միջադեպն է, երբ ընտրություններից առաջ ԲԿ տնօրենը հավաքել էր կոլեկտիվին եւ հորդորել մասնակցել ընտրություններին: Ըստ իրավաբանների՝ այդ ձայնագրության մեջ չկար հանցակազմ, առավել եւս, որ նման հայտարարություններ ՔՊ-ականները միշտ են անում` ընտրությունների նախօրեին:
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։