Քաղաքապետարանը հաստատում է. Տիգրան Ավինյանի երկու ժամանոց երդմնակալության արարողության համար ծախսվել է ավելի քան 200 հազար դոլար


Քաղաքապետարանը հաստատում է. Տիգրան Ավինյանի երկու ժամանոց երդմնակալության արարողության համար ծախսվել է ավելի քան 200 հազար դոլար
Հոկտեմբեր 20 07:09 2023

Երևանի քաղաքապետարանը հաստատում է, որ համայնքային բյուջեից ավելի քան 87 մլն դրամ է ծախսել քաղաքապետի երդմնակալության արարողության կազմակերպման և իրականացման համար։

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին, որի համար ծախսվել է 87 մլն դրամ։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ, նրա թիմակից Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ ևս անդրադարձ է կատարել՝ նշելով, որ երկու ժամ տեւած միջոցառման համար քաղաքը ծախսել է ավելի քան 200 հազար դոլար։

Միևնույն ժամանակ Կարապետյանն ուշագրավ է համարել այն, որ մեկ անձից գնման պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 9-ին։ Այսինքն, սա նախօրոք արված ծախս չէր, գնումն արվել է արդեն արցախցիների տեղահանությունից ու դրա հետեւանքով ստեղծված վիճակն ունենալուց հետո։

«Հետեւաբար, կարող ենք արձանագրել, որ մեր պետությունն ու քաղաքը բավարար գումար ունեն՝ մեր առաջ ծառացած անվտանգային ու սոցիալական խնդիրները լուծելու համար, քանի որ իշխանությունը կարող է իրեն թույլ տալ այս զուտ արարողակարգային միջոցառման վրա էսքան փող ծախսելու»,-նշել է Կարապետյանը։

Հետեւապես հարց է առաջանում, թե ինչու են բռնի տեղահաավածներին սնունդ ու հագուստ հասցնում մասնավոր անձինք, ինչու է պետությունը գումար մուրում օտար երկրներից՝ արցախցիներին հումանիտար խնդիրների համար։

 

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի (Դոգ) հիմնադրած կուսակցությունը ներկա գտնվեց Երևանի ավագանու առաջին նիստին, ինչ արդյունքում էլ քվորում ապահովվեց ու իշխող ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձավ։ Ավելին՝ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ընտրվեց Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հատկանշական է, որ ավագանու նիստից ընդամենն օրեր առաջ Արտակ Գալստյանի՝ «Վանոյի Արտակի»՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու փողերի լվացմանը հանցակցելու մեջ մեղադրվող կինն ազատ է արձակվել կալանքից։ Ավինյանը պնդում է, որ առևտուր տեղի չի ունեցել։