Հրշեջները փորձում են մարել Աթենքի հյուսիս-արևելքում առաջացած անտառային հրդեհը: Հրդեհը Հունաստանի մայրաքաղաքից հյուսիս-արևելք գտնվող առափնյա տարածքում տասնյակ տներ է վնասել՝ ուժեղ քամիների պատճառով արագորեն տարածվելով գիշերվա ընթացքում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի քան 160 հրշեջ 68 հրշեջ մեքենայով և ուղղաթիռների օգնությամբ պայքարում է հրդեհի դեմ, որը սկսվել է Աթենքից 45 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Կալամոս քաղաքում և այնուհետև տարածվել մոտակա Վարնավաս քաղաք:
Հրշեջ ծառայությունների հաղորդմամբ՝ վիրավորներ չկան, բայց առնվազն տասնյակ տներ մեծ վնասներ են կրել:
Իշխանությունները որպես նախազգուշական միջոց հրահանգել են տարածքից տարհանել երկու երիտասարդական ճամբար:
Կալամոսի հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել իրենց տներից՝ գիշերն անցկացնելով ծովափին:










