Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը


Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Սեպտեմբեր 17 11:06 2023

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13-ին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տոնը:

 

Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»: Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումը ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն: Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից: Խոռեմ զորավարը 614 թվականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Երբ պարսից զորքը մտավ քաղաք, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց 57 000 մարդ և գերի վերցվեց 35 000 մարդ: Նրանց թվում գերեվարվեց նաև Զաքարիա հայրապետը:

Ապա պարսիկները մտան Սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքն այրեցին: Հետո զորավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատվական Խաչը տարավ Պարսկաստան: Երբ զորքը մոտենում էր թագավորանիստ քաղաքին, Խոսրով թագավորն ընդառաջ ելավ՝ դիմավորելու Տերունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվեց: Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատվով մտավ քաղաք, պարսից թագավորն այն մեծ պատվով պահեց իր գանձարանում և Խաչի առջև մի անշեջ կանթեղ էր մշտապես պահում:

Քրիստոնյաները, զրկվելով իրենց սրբությունից, հայտնվեցին այնպիսի անմխիթար վիճակում, ինչպես ժամանակին հայտնվել էին հրեաները, երբ փղշտացիները գերեվարել էին Աստծո Ուխտի տապանակը: Սակայն Տիրոջ խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացավ, ինչպես և Տապանակն Ազոտոսում (տե՛ս Ա Թագ. Ե): Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերում էին մեծ երկյուղածությամբ և ասում, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել: Դրանից նրանց սրտերն այնպիսի ահով էին տոգորվում, որ հեթանոս լինելով հանդերձ՝ չէին համարձակվում վնասել խաչափայտը, և նույնիսկ վրան եղած թանկարժեք զարդերին չէին դիպչում: Շատերն էլ այդ ահից դիմում էին տեղաբնակ քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը, քրիստոնեություն ընդունում: