Տրանսգենդերը սպանվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարցերի շուրջ վիճաբանության պատճառով. նոր մանրամասներ


Տրանսգենդերը սպանվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարցերի շուրջ վիճաբանության պատճառով. նոր մանրամասներ
Օգոստոս 23 19:08 2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում շարունակվում է Երևան քաղաքի 28-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Մասնավորապես` դեպքից առաջ տուժողի և վերջինս ծանոթ, Արմավիրի մարզի 26-ամյա բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նախնական տվյալներով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս, Երևանի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա պարանոցի և կրծքավանդակի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետև հրկիզել է բնակարանը և դեպքի վայրից հեռացել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննության ընթացքում, ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: