Հայաստանի տարածքը կազմում է 29800 կմ², իսկ Ադրբեջանինը՝ 86600 կմ². Շառլ Միշել


Հայաստանի տարածքը կազմում է 29800 կմ², իսկ Ադրբեջանինը՝ 86600 կմ². Շառլ Միշել
Հուլիս 15 23:41 2023

Ինչպես արդեն հայտնել ենք, ԵԽ նախագահ Շառլ Միշելը մամուլի ասուլիս է տվել Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից հետո: Նա մասնավորապես ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ըստ այդմ, Հայաստանի տարածքը կազմում է 29800 կմ², իսկ Ադրբեջանինը՝ 86600 կմ²։

Երկու ղեկավարներն էլ վերահաստատեցին իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:

 

 

Ես ողջունեցի հուլիսի 12-ին սահմանային երկու հանձնաժողովների հանդիպումը։ Աշխատանքներն առաջ են գնացել այս հանձնաժողովների կանոնադրության և սահմանազատման հիմքերի վերաբերյալ քննարկումների շուրջ: Եվ շատ կարևոր է, որ ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։

Կապի հետ կապված՝ կողմերը նաև հստակ առաջընթաց են գրանցել վերջին երկու ամիսների ընթացքում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում։ Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները»: